Արտաշես 2-րդը և Արտաշեսյան թագավորության անկումը:
Հայաստանը ռազմակալվել էր հռոմեացիների կողմից: Նվաճողները թալանեցին Հայաստանի քաղաքներում ու մեհյաններում կուտակված հսկայական հարստությունները: Հռոմեական նշանավոր պատմիչ Պլինիոս Ավագը մանրամասն նկարագրում է Երիզա ավանում գտնվող Անահիտ դիցուհու հռչակավոր մեհյանի կողոպուտը, թե ինչպես են ընչասեր հռոմեացի զինվորները առանձին կտորների վերածել աստվածուհու ոսկեձույլ արձանը և բաժանել միմյանց միջև:
Հայ ժողովուրդը երիտասարդ ու եռանդուն թագաժառանգի` Արտաշեսի գլխավորությամբ ոտքի կանգնեց հռոմեական զավթիչների դեմ: Երկրում սկսվեցին զանգվածային հակահռոմեական զինված ելույթներ, որոնք, սակայն, ճնշվեցին: Արտաշեսը ստիպված էր իր զորքերով հեռանալ Պարթևստան:
Հռոմի ծավալվելը դեպի Արևելք և Հայաստանի ռազմակալումը կտրուկ փոխեցին քաղաքական իրադրությունն Առաջավոր Ասիայում: Պարթևները հիանալի էին գիտակցում, որ Հայաստանից հետո իրենք են լինելու Հռոմի հաջորդ թիրախը, հանգամանք, որ ստիպել է Հրահատ IV-ին փոխել իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Արդյունքում նա ոչ միայն քաղաքական ապաստան է շնորհել հայոց թագաժառանգին և իր դստերը կնության տվել նրան, այլև ռազմական զգալի օգնություն տրամադրել` հռոմեական նվաճողների դեմ պայքարն ավելի լայն թափով շարունակելու համար:
Այդ պայքարն ավելի արդյունավետ դարձավ Ակցիումի ճակատամարտից հետո: Հայ-պարթևական միացյալ բանակը Արտաշեսի գլխավորությամբ մտավ Հայաստան և մի քանի ճակատամարտերում պարտության մատնելով հռոմեական լեգեոններին` նրանց դուրս շպրտեց երկրից: Այս հաղթանակների շնորհիվ Արտաշեսն Արտաշատում մեծ հանդիսավորությամբ օծվեց հայոց թագավոր (Ք.ա. 30-20 թթ.):
Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, նոր թագավորը վառ անհատականություն էր: Չնայած երիտասարդ տարիքին` նա իրեն դրսևորեց որպես փայլուն կազմակերպիչ,նախաձեռնող ու համարձակ անձնավորություն: Ստանալով հոր` Արտավազդ II-ի մահապատժի լուրը` Արտաշեսը կարգադրում է սրի քաշել Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին, որը ցնցող տպավորություն է թողնում Հռոմում:
Երիտասարդ ու եռանդուն թագավորընլի էր վճռականությամբ` վերականգնելու Հայոց թագավորության երբեմնի հզորությունը: Նա պատերազմեց Հռոմի դաշնակից Ատրպատականի թագավորության դեմ, որը լուրջ և վտանգավոր հարևան էր, հենակետ Հռոմի ծավալապաշտական քաղաքականության համար: Պատերազմում Ատրպատականը ջախջախիչ պարտություն է կրեց:Արտաշես II-ն այդ երկիրը միացրեց իր թագավորությանը, իսկ թագավորին էլ գերի վերցրեց: Երևի այս իրողությամբ պետք է բացատրել նրա դրամների վրա դրոշմված մեծադղորդ <<արքայից արքա>> մակագրությունը: Արտաշես II-ը վճռականորեն պահանջեց Հայաստան վերադարձնել Հռոմում գտնվող իր կրտսեր եղբայրներին` Տիգրանին և Արտավազդին: Սակայն Գայոս Օկտավիանոսը մերժում է նրա այդ պահանջը` հիշեցնելով Հայաստանում հռոմեացիներին կոտորելու փաստը:
Հռոմն ուշիուշով հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Արտաշես II-ի շեշտված հակահռոմեական դիրքորոշումը և հատկապես դաշինքը Պարթևստանի հետ մեծապես հակասում էին Հռոմի արևելյան քաղաքականության շահերին, խոչընդոտում նրա զավթողական ծրագրերին: Նման պայմաններում Հռոմը չէր կարող հանդուրժել ինքնուրույն և անցանկալի հայոց թագավորին, մանավանդ որ կարելի էր նրա փոխարեն գահ բարձրացնել Հռոմում գտնվող կրտսեր եղբորը` Տիգրանին: Ահա այս խնդրի լուծումն է իր առջև դրել Օկտավիանոսը, որը Ք.ա. 27թվականից պաշտոնապես իրեն հայտարարել է Օգոստոս (<<Սրբազան>>) և հիմք դրել կայսերական վարչակարգին:
Օկտավիանոս Օգոստոսը ջանք չէր խնայում հռոմեական գերիշխանությունն ու ազդեցությունը Առաջավոր Ասիայում հաստատելու ուղղությամբ: Դա, բնականաբար, հնարավոր էր միայն Արտաշես II-ին ասպարեզից հեռացնելու ճանապարհով: Ք.ա. 20 թ. հռոմեական բանակը Օգոստոսի որդեգիր, ապագա կայսր Տիբերիոս Կլավդիոսի գլխավորությամբ կանգնեց Հայաստանի սահմանագլխին: Դիոն Կասիոսն ազնվաբար խոստովանում է, որ Օգոստոսը Տիբերիոսին ուղարկել է Հայաստան,<<որպեսզի Արտաշեսին գահընկեց անի և նրա վրա Տիգրանին նշանակի>>: Հենց այդ ժամանակ էլ Արտաշատում դավադրաբար սպանվում է Արտաշես II-ը: Հռոմեական սկզբնաղբյուրները հավաստիացնում են, որ նա <<սպանվեց իր ազգականների կողմից>>: Տրամաբանական է ենթադրել, որ այդ <<ազգականներին>> սադրել էին իրենք` հռոմեացիները:
Ստանալով Արտաշես II-ի սպանության լուրը` Տիբերիոսն անարգել մտնում է Հայաստան և շարժվում դեպի Արտաշատ: Հռոմեացիներն իրենց հետ բերում էին Հայաստանի նոր թագավորին`Արտաշեսի կրտսեր եղբայր Տիգրանին:
Վերջին Արտաշեսյանները: Արտաշատից ոչ հեռու բանակած հռոմեական ճամբարում Տիբերիոսը հայոց թագավորական իշխանության պատվանշանները դրեց Տիգրան III-ի (Ք.ա. 20-8 թթ.) գլխին:Այս իրադարձությունը Հռոմում դիտվել է իբրև Հայաստանում իրենց իշխանության հաստատում:Եվ պատահական չէ, որ հենց այդ շրջանում Հռոմում թողարկվել են դրամներ` <<Հայաստանը նվաճված>> մակագրությամբ: Հայաստանը թուլացնելու նպատակով Օգոստոսի կարգադրությամբ նրանից անջատվեց Ատրպատական.ը և այստեղ թագավոր կարգվեց Հռոմի կամակատար Աիոբարզանեսը:
Գահակալման վերջին շրջանում Տիգրան III-ը ձերբազատվեց Հռոմի միջամտություններից և մերձենալով Պարթևստանին` սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն: Նա թողարկել է պահլավերեն մակագրությամբ դրամներ: Տիգրան III-ը հանդես է եկել <<Հայրասեր>> և<<Հելլենասեր>>տիտղոսներով:
Տիգրան III-ի մահից հետո, առանց Հռոմի հետ համաձայնեցնելու, գահ բարձրացավ նրա որդին` Տիգրան IV-ը (Ք.ա. 8-5 թթ.), որը թագավորեց որպես անկախ ու ինքնիշխան թագավոր: Հռոմում սա ընկալվեց որպես իրենց դեմ ապստամբություն: Դեպքերին ժամանակակից հռոմեական պատմիչն այդ կապակցությամբ շեշտել է, թե <<Արևելքում իրենց ամենից շատ հոգսեր պատճառել են հայերը>>: Ք.ա. 5 թ. Օգոստոսը մեծ բանակով Հայաստան է ուղարկում իր որդեգիր Գայոս Կեսարին,որը, գահընկեց անելով Տիգրան IV-ին, թագավոր է հայտարարում նրա հորեղբորը` Արտավազդ III-ին (Ք.ա. 5-2 թթ.): 25 տարի Հռոմում ապրած,դաստիարակված և հայ իրականությունից խորթացած այս թագավորը երկիրը կառավարում էր հռոմեական օրենքներով և զբաղվում անզուսպ թալանով ու շահատակությամբ: Չհանդուրժելով այս վիճակը` հայերը Տիգրան IV-ի գլխավորությամբ Ք.ա. 2 թ. երկրից դուրս են վտարում նրան ու օժանդակող զորամասերը: Կրկին գահ է բարձրանում Տիգրան IV-ը այս անգամ քրոջ` Էրատոյի հետ միասին (Ք. ա. 2 - Ք. ա. 1):Տիգրան IV–ն իր դրամների վրա պատկերված է Արտաշեսյանների ավանդական թագով, իսկ դրամի հակառակ կողմում Էրատոն է`վարսերը գլխի շուրջը հավաքած` <<Էրատո` Տիգրան արքայի քույրը>>հունարեն մակագրությամբ:
Տիգրան IV-ը հիանալի հասկանում էր, որ Օգոստոսը չի հանդուրժելու իր գահակալությունը, ուստի դիմում է զիջումների: Նա հարուստ ընծաներ է ուղարկում կայսրին և խնդրում իրեն ճանաչել հայոց թագավոր,այսինքն` Օգոստոսի կամքով է, որ ինքը թագավորելու է: Չցանկանալով վիճակը բարդացնել`Օգոստոսը համաձայնում է` պայմանով, որ Տիգրանն անձամբ ներկայանա Ասորիքում գտնվող Գայոս Կեսարին և թագադրվի նրա կողմից: Սակայն այդ այցելությունը տեղի չունեցավ: 1 թ.նախակովկասյան տափաստաններից Մեծ Հայքի տարածք ներխուժած սարմատական քոչվոր ցեղերի դեմ ճակատամարտում Տիգրան IV-ը զոհվեց: Ինչպես պատկերավոր արձանագրել է Տակիտոսը, <<հայերը մնացին առանց թագավորի, անտերունչ>> : Սա ճակատագրական եղավ Հայաստանի համար, քանզի Տիգրան IV-ը Արտաշեսյան արքայատոհմի վերջին արական ներկայացուցիչն էր: Հայաստանի առջև ծառացավ նոր արքայատոհմ հաստատելու խնդիրը, որը հրատապ լուծում էր պահանջում: Թեև այն առաջին հերթին ներքին խնդիր էր, սակայն անմիջապես ձեռք բերեց նաև միջազգային քաղաքական հնչեղություն:
Հովհաննիսյան Պ.
Գրականության ցանկ
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ.,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am