Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Արմենական կուսակցություն: Ծրագիրը և կառուցվածքը։

 Արմենական կուսակցությունԾրագիրը և կառուցվածքը։Արմենական կուսակցության ծրագիրը ձևավորվեց գործունեության աոաջին տասնամյակի ընթացքում։ Պատմագրության մեջ հաճախ փորձեր են արվել կազմակերպության ծրագիր համարել զանազան հրապարակումներ (օրինակ՝ Ռ. Պատկանյանի «Վարդապետարան Հայաստանի ազատության» զրուցարանը): Բայց իրականում Արմենական կուսակցությունն ունեցել է սեփական ծրագիր՝ կազմված յոթ մասից։ Կազմակերպության նպատակն էր՝ «Հեղափոխությամբ հայ ժողովրդի համար ձեռք բերել իրեն ազատ կառավարելու իրավունք, որով միայն նա կկարողանա մարդավայել ապրելու միջոցներ ունենալ և դրանք գործադրել ժամանակի պահանջների համեմատ»։

 Քանի որ տվյալ ժամանակաշրջանում արմենականները հնարավոր չէին համարում օսմանահպատակ ժողովուրդների միջև համերաշխության հաստատումը, ուստի շեշտում էին ներազգային համերաշխության գաղափարը։ Ծրագրում նշվում էր. «Կազմակերպությունն իր ջանքերն ամփոփում է հայ ազգի տարբեր հատվածների մեջ, առանց դավանանքի խտրության, իր ուժերը չի ցրում հարևան ազգերի մեջ հեղափոխական շարժումներ առաջացնելու համար՝ զգալով որ հայ ազգի և մյուս ցեղերի միջև զարգացման, աշխարհայացքների և պահանջների մեծ տարբերություններ կան, որով հայ ազգի հեղափոխական շարժումը կարող է դանդաղել և թուլանալ»։

 Նպատակին հասնելու խնդիրներ էին դիտվում՝ ազատագրական պայքարին նվիրված հայրենասերների միավորումը, ժողովրդի կազմակերպումը, նրա մեջ հեղափոխական գաղափարների տարածումը; Դրանք իրականացվելու էին գրավոր և բանավոր քարոզչության, կրթական համակարգի վրա ներազդելու միջոցով, ինչպես նաև՝ անձնական օրինակով։

 Հատկապես կարևորվում էին ժողովրդական լայն զանգվածների մեջ ինքնապաշտպանության գաղափարի արմատավորումը, ինքնապաշտպանական խմբերի կազմակերպումը և ժողովրդի զինմանն ուղղված աշխատանքները։ Ծրագրում շեշտվում էր, որ հեղափոխության դիմելու համար անհրաժեշտ են արտաքին նպաստավոր պայմաններ։ «Մասնակի և տկար ուժերի շարժումները, ցույցերը բացառիկ հանգամանքներից դուրս ընդունելի չեն, ընդհակառակը՝ վնասակար են», - ասված էր կուսակցության ծրագրում։

 Կուսակցության կառույցը հնարավորինս հարմարեցված էր օսմանյան իրականությանը։ Արմենականները բաժանվում էին գործուն և օժանդակ անդամների։ Գործուն էին համարվում այն անդամները, որոնք րնդունում էին կուսակցության կանոնները, ենթարկվում կուսակցական կարգապահությանը, բարեխղճորեն վճարում անդամատուրքը։ Օժանդակ անդամները կազմակերպությանը ցուցաբերում էին բարոյական և ֆինանսական աջակցություն։ Սկզբնական բջիջը խումբն էր։

 Կուսակցության ղեկավարությունն իրականացնում էին կենտրոնական մարմինը, շրջաններում՝ տեղական կոմիտեները։ Կուսակցության՝ Վասպուրականից դուրս գործող կոմիտեները շուրջ երեք անգամ քիչ անդամատուրք էին վճարում Կենտրոնական մարմնին՝ հնարավորություն ստանալով ավելի շատ միջոցներ հատկացնել երկրի ինքնապաշտպանության կազմակերպման գործին։ Կարևորագույն դերակատարում ունեին շրջանային հատուկ կոմիտեները, որոնք զբաղվում էին ժողովրդին զինելու, ինքնապաշտպանական խմբեր կազմելու, լրացուցիչ մարտական անդամատուրքեր հավաքելու աշխատանքներով։ Կուսակցության ծրագիրը կարոդ էր փոփոխվել շրջանային հատուկ կոմիտեների ներկայացուցիչների ձայների մեծամասնության դեպքում։ Արմենականները ընդունելով «Արմենիա» թերթի խմբագրության գաղափարները՝ այնուհանդերձ այն չէին ճանաչում որպես պաշտոնաթերթ։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am