Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Արմեն Գարո (Փաստրմաճյան Գարեգին)

 Արմեն Գարո (Փաստրմաճյան Գարեգին)Արմեն Գարո (Փաստրմաճյան Գարեգին): (Ծնվել է 1872 թ. փետրվարի 9-ին Կարինում-մահացել է 1923 թ. մարտի 23-ին)-հայ ազգային-ազատագրական պայքարի անվանի գործիչ, 1894 թվականին եղել է ՀՅԴ կուսակցության անդամ: Ծնվել է 1872թ. փետրվարի 9-ին Կարին քաղաքում (Արևմտյան Հայաստանում)։ 1891թ. ավարտել է տեղի Սանասարյան վարժարանը: 1894թ. ընդունվել է Ֆրանսիայի Նանսիի համալսարանի Գյուղատնտեսական դպրոցը: Եգիպտոսում մասնակցել է 1895թ. Զեյթունի ինքնապաշտպանությանն օժանդակելու գործին, վերցրել Արմեն Գարո ծածկանունը: 1896թ. օգոստոսի 26-ին Բաբկեն Սյունիի հետ կազմակերպել է միջազգային Օտոմանյան բանկի գրավման գործողությունը, որի նպատակն էր Հայկական հարցի հանդեպ եվրոպական տերությունների ուշադրության հրավիրումը: Խումբը սպառնում էր պայթեցնել բանկը, եթե Արևմտյան Հայաստանում Թուրքիան բարենորոգումներ չիրականացնի: Արմեն Գարոյի խնդիրն էր բանկային ծառայողների և այցելուների փախուստի խոչընդոտումը: Բաբկեն Սյունու զոհվելուց հետո գլխավորել է խումբը: Օգոստոսի 27-ի առավոտյան խումբը եվրոպական տերությունների երաշխիքի ներքո ֆրանսիական շոգենավով հեռացել է Մարսել: Գարոն արտաքսվել է Շվեյցարիա, ուսանել է Ժնևի համալսարանում և 1900թ. ստացել բնագիտության ու քիմիայի դոկտորի աստիճան։ Եգիպտոսի կոմիտեի կողմից 1898թ. մասնակցել է ՀՅԴ Բ Ընդհանուր ժողովին: 1901թ. Թիֆլիսում ստեղծել է քիմիական լաբորատորիա: 1905-1906թթ. հայ-թաթարական կռիվների ժամանակ ղեկավարել է Թիֆլիսի հայության ինքնապաշտպանությունը: Երիտթուրքական հեղաշրջումից հետո 1908թ. Կարինից ընտրվել է թուրքական խորհրդարանի անդամ: 1914թ. անցել է Կովկաս և ակտիվորեն մասնակցել կամավորական շարժման կազմավորմանը։ 1917թ. որպես Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ մեկնել է ԱՄՆ: 1920թ. ՀՀ դեսպանն էր ԱՄՆ-ում: Եղել է Հայոց Ցեղասպանության մեղավոր-հեղինակների ոչնչացման ՆԵՄԵՍԻՍ գործողության Պատասխանատու մարմնի ղեկավար։ Մահացել է 1923թ. մարտի 23-ին:

 

Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am