Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Արմենական կուսակցություն: Գործունեությունը

 Արմենական կուսակցություն: Գործունեությունը:Արմենական կուսակցության հիմնադրումից որոշ ժամանակ անց մասնաճյուղեր կազմակերպվեցին Վասպուրականում, Մուշում, Բիթլիսում, Տրապիզոնում և Կ. Պոլսում։ Աստիճանաբար կուսակցության տեղական կազմակերպություններ հիմնվեցին նաև Արևմտյան Հայաստանի մյուս շրջաններում, Կովկասում, ինչպես նաև Բուլղարիայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում։ Բավականին կենսունակ էին հատկապես Թավրիզի և Սալմաստի մարմինները։ Կուսակցության անմիջական նպատակը Վասպուրականի հայ բնակչությանը զինելն էր։ Շեշտը դրվում էր հատկապես քրդական ավազակախմբերի հարստահարումներից պաշտպանվելու, գյուղական համայնքների կարողության ուժեղացման վրա։ Զենքը Արևմտյան Հայաստան էին փորձում անցկացնել հիմնականում Պարսկաստանից՝ աննկատ, առանձին անհատների կամ զինատար խմբերի միջոցով։

Ժամանակին թուրքական մամուլում լայն արձագանք գտավ Վանի մոտակայքում՝ Բաշկալեյում, աեղի ունեցած րնդհարումը թուրք զինվորների և արմենական զինված խմբի միջև։ Երեք հոգուց կազմված խումբը (Կարապետ Գուլակսզյան, Հովհաննես Ագրիպասյան, Վարդան Գոլոշյան) Պարսկաստանից անցնում էր Վան։ Բախման ժամանակ զոհվում են նրանցից վերջին երկուսը, որոնց մոտ գտնում են Մկրտիչ Փորթ-ուգալյանի և Լոնդոնի ընկերներից աոաքված նամակներ, հեղափոխական կուսակցության գոյությունը փաստող այլ տվյալներ։

 Չնայած նման միջադեպերին՝ 1885-1890-ական թթ. ընթացքում կուսակցության փաստացի ղեկավար Մկրտիչ Ավետիսյանին ընդհանուր առմամբ հաջողվում է աոանց ցուցադրական ելույթների, նպատակաուղղված աշխատանքով Վան քաղաքում և Վասպուրականի գյուղերում ստեղծել փոքրաքանակ, բայց կարգապահ ու մարտունակ կազմակերպություն։ Այդ շրջանում միայն ծայրահեղ դեպքերում էին արմենականները դիմում ահաբեկչական քայլերի կամ ֆիդայական կռիվների։

 Արդեն 1890-ականների սկզբներին, ըստ որոշ տվյալների, լայն աշխատանքներ էին կատարում Նիկոմեդիայի, Պարտիզակի, Ատաբազարի մասնաճյուղերը։ Վանում և Շատախում գործում էին իննսունից ավելի մարտական խմբեր։ Թավրիզից և Սալմաստից բացի Պարսկաստանում ակտիվ գործունեության մեջ էին նաև Հաթթվանի, Փայաջուկի, Ուրմիայի, Խոյի խմբերը։ Երկրում օգտակար աշխատանք էին ծավալել նաև արմենական կանայք։ Ժողովրդական քարոզիչներ էին ուսուցչուհի Եղիսաբեթ Կոնդակչյանը և Մարինա Ձարուխյանը։

 Բայց կազմակերպության աստիճանական հզորացման, ժողովրդի մեջ թափանցելու, նրան նախապատրաստելու բնականոն աշխատանքները մի քանի տարի անց հանդիպեցին լուրջ փորձությունների։ Աբղուլ Համիդյան վարչակարգը արևմտահայության մասնակի ջարդերի քաղաքականությունից 1890 թվականից սկսեց անցնել նրա ֆիզիկական ոչնչացմանը։ Կազմվեցին քրդական «Համիդիե» կոչվող սպառազեն գնդեր, Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի հայաբնակ բոլոր գյուղերն ու քաղաքները ընկղմվեցին զանգվածային կոտորածների, հալածանքների ու բռնությունների անընդհատ և տարիներ տևող մղձավանջի մեխ։ Առաջին և առավել ծանր հարվածը հասցվում էր ազատագրական շարժման կենտրոններին՝ Սասունին, Զեյթունին, Վանին։ Այս ամենը արմենականներին ստիպում էր հետևել 1890-ական թվականներից երկրում զինված պայքար սկսած Հնչակյան ու դաշնակցական կազմակերպությունների օրինակին և մարտական գործուն ինքնապաշտպանական կռիվների դուրս գալ հատկապես Վասպուրականում; Վանի նշանավոր կռիվների նախօրյակին Մկրտիչ Ավետիսյանի, Վանի Հնչակյան և Դաշնակցական կազմակերպությունների ղեկավարներ Մարտիկի (Մարտիրոս Սարուխանյան) և Պետոյի (Ալեքսանդր Պետրոսյան) ջանքերով հայ հեղափոխական կուսակցություններն իրենց ուժերը միավորեցին արհավիրքին միասնաբար դիմադրելու համար։

 1896 թ. հունիսին, շուրջ երկու տարվա նախապատրաստական աշխատանքից հետո, օսմանյան կառավարությունը ձեռնարկեց Վանի հայ բնակչության ոչնչացման փորձ։ Մի կողմ դնելով տարաձայնությունները՝ հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարները րնդհանուր ճակատ ստեղծեցին և հաջողությամբ կազմակերպեցին քաղաքի հայերի ինքնապաշտպանությունը: Ի դեպ, այս դիմադրության շնորհիվ էր, որ կասեցվեց համատարած ջարդերի ալիքը Վասպուրականում։ Ցա֊վոք, Վանի ինքնապաշտպանական ուժերը Պարսկաստան անցնելու ճանապարհին, Ս. Բարթուղիմեոս առաքյալի վանքի մոտերքում ենթարկվեցին թուրքական կանոնավոր բանակի և քրդական անկանոն հեծելազորի դավադիր հարձակմանը ու խժդժություններին և լիովին ոչնչացան; Առավելապես ծանր էին արմենականների կորուստները։ Կուսակցության՝ տարիների ջանքերով ստեղծած մարտական ջոկատների, նրա նվիրված անդամների մեծագույն մասը զոհվեց։

 1896 թվականը շրջադարձային եղավ արմենականության համար։ Ղեկավարների մեծ մասից զրկված կուսակցությունը այդ ժամանակվանից սկսած՝ աստիճանաբար կորցրեց իր ուժն ու դիրքերը։ Գնալով նոսրացող շարքեր և հեռանկարի անորոշություն - այսպիսին էր կազմակերպության վիճակը XX դարի նախաշեմին։

 Այդ բախտորոշ ժամանակում Մկրտիչ Ավետիսյանին փոխարինեց Եղիշե Կոնդակչյանը, որը, դաոնալով արմենականների ղեկավար, մեծ ջանքեր գործադրեց վերակազմակերպելու կուսակցությունը։ Նրա հետ եռանդուն աշխատանքի էին լծվել 1897 թ. բանտերից ազատված Արմենակ Եկարյանը, Գրիգոր Պեոզիկյանր (Շիկահեր), Ղևոնդ Խանջյանը, Միքայել Նաթանյանը և ուրիշներ։

 Վանի 1896-ի դեպքերից հետո արմենականները նույնպես խորապես համոզվեցին, որ հայությունն իր հույսը պիտի կապի միայն իր հավաքական ուժի հետ։ Ղեկավարներից ոմանք թերևս ինչ-որ չափով բացառություն էին համարում Ռուսաստանը։ ժողովներից մեկում հանդես գալով զեկուցումով՝ Ղևոնդ Խանջ֊յանն ասում էր. «Հայկական ջարդերը հաստատեցին, թե եվրոպական պետություններու հակամարտությունները չեն թուլատրել, որ մենք անոնց աջակցության վրա հույս ունենալով՝ արկածախնդրություններ անենք։ Եթե մենք հույս պետք է ունենանք օտար որևէ պետության վրա, ապա այդ հույսը միայն կարող ենք կապել մեր դրացի Ռուսաստանի հետ»։

 Բայց գործադրած ջանքերը բավարար չէին արմատապես վերակառուցելու կուսակցությունը։ Թեև դեպքից դեպք տեղի էին ունենում խմբերի ու խմբապետների ժողովներ, բայց դրանք այլևս չունեին նախկին նշանակությունը։ Կանգ էին առել ժողովրդին զինելու աշխատանքները, չկային անհրաժեշտ նյութական միջոցներ։

 Այսպիսով, Արմենական կուսակցությունը հանդիսացավ հայրենիքում հիմնված առաջին հեղափոխական կուսակցությունը, որը խոր հետք թողեց հայ ազատագրական պայքարի պատմության մեջ։ Լինելով Արևմտահայաստանի ժողովրդական լայն զանգվածների շահերի արտահայտիչ՝ արմենականները շեշտագրումը կատարում էին արևմտահայությանը ապագա զինված հեղափոխության նախապատրաստելու, նրա մեջ ազգային ֊հայրենասիրական զգացումներ ներարկելու վրա։ Աբդուլ Համիդյան ջարդարարական քաղաքականությունը, արևմտահայության ֆիզիկական ոչնչացման հեռանկարը, բնականաբար, օրակարգի խնդիր դարձրին անմիջական զինված պայքարի կազմակերպման հարցը։ Բայց կրած ծանր հարվածների պատճառով արմենականները աստիճանաբար ազատագրական գոյամարտի դրոշը զիջցին մյուս ազգային կուսակցություններին՝ միշտ հավատարիմ մնալով համազգային ընդհանուր ճակատ կազմակերպելու և հախուռն գործողությունները մերժելու մարտավարությանը։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am