Արիսյան Լևոն ԵղիայիԱրիսյան Լևոն Եղիայի: Ծնվել է 1903-ի հունվարի 19 Վանում: Մահացել է 1938 թվականին: Հայ պետական և կուսակցական գործիչ, փիլիսոփա, մանկավարժ։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական «Երամյան» դպրոցում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քույրերի հետ գաղթել է Երևան։ 1916 թվականին մեկնել է Կիսլովոդսկ՝ հորեղբոր մոտ ուսումը շարունակելու։ 1917 թվականին փոխադրվել է Թիֆլիս և ընդունվել գիմնազիա։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, ավարտել արական գիմնազիան։ 1919 թվականին ընդգրկվել «Սպարտակ» կազմակերպության, 1920 թվականի փետրվարին՝ կոմունիստական կուսակցության շարքերը։ 1921-1925 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի հասարկական գիտությունների ֆակուլտետը, որից հետո աշխատել է ՀԿ(բ) կ Կենտկոմում որպես մամուլի մասնաճյուղի վարիչ։

 1927 թվականին եղել է Երևանի պետական համալսարանի ուսումնական մասի պրոռեկտորը և դասավանդել է համալսարանում։ Համալսարանում մեկ տարի աշխատելուց հետո 1928 թվականին ընդունվել է Մոսկվայի հասարակական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի ռուսաստանյան ասոցացիայի ասպիրանտուրան։ 1933 թվականին հրավիրվել է Հայաստան և նշանակվել լուսավորության ժողովրդական կոմիսար։ 1934 թվականին եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը։ 1936 թվականին նորից նշանակվել է լուսավորության ժողովրդական կոմիսար։ 1931 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ Գիտական հետազոտությունները նվիրված են իմացաբանության հարցերին, գերմանացի նշանավոր փիլիսոփա Իմանուել Կանտի և նորկանտականների փիլիսոփայական հայացքների քննական վերլուծությանը։ 1957 թվականին Երևանում ռուսերենով լույս է տեսել Լևոն Արիսյանի «Իմացության տեսության պատմությունից» մենագրությունը։

 1962 թվականին Երևանում հիմնադրված թիվ 127 դպրոցը կոչվում է մեծ մտավորականի անունով։ 1938 թվականին, 35 տարեկանում անհիմն բռնադատվել է, գնդակահարվել։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am