Արտաշես 1-ին:  Արտաշես ԱռաջինՔ.ա. III դ. վերջերին Սելևկյաններին հաջողվեց իրենց գերիշխանությունը կարճ ժամանակով հաստատել հայկական չորս թագավորությունների վրա:Մեծ Հայքում սելևկյան կառավարիչ նշանակվեց հայ մեծատոհմիկ Արտաշեսը, իսկ Ծոփքում` Զարեհը: Այս իրադարձությունը տեղի է ունեցել Ք.ա. մոտ 201 թ.: Սելևկյաններն ընդարձակ ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան ամբողջությամբ գրավելու ուղղությամբ: Տարածաշրջանի նկատմամբ իր հավակնություններն ուներ նաև Հռոմեական Հանրապետությունը: Դեռ ավելին` Հռոմը ցանկանում էր ջախջախել Սելևկյաններին և իր տիրապետությունը հաստատել Միջերկրածովյան ամբողջ ավազանում: Կողմերի միջև զինված ընդհարումն անխուսափելի էր: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 190 թ. Լիդիայի Մագնեսիա քաղաքի մոտ` Հերմոս գետի հովտում: Հռոմեացիները համոզիչ հաղթանակ տարան սելևկյան Անտիոքոս III թագավորի մեծաքանակ զորքերի նկատմամբ: Մագնեսիայի ճակատամարտը և երկու տարի անց` Ք.ա. 188 թ., կողմերի միջև կնքված Ապամեայի հաշտության պայմանագիրն ամբողջությամբ  փոխեցին ուժերի հարաբերակցությունը Արևելքում և շրջադարձային եղան համաշխարհային պատմության մեջ: Ք.ա. 189 թ. անկախ հռչակվեցին Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն: Հայկական անկախության կերտողներ դարձան Մեծ Հայքում մեծատոհմիկ զորավար Արտաշեսը, և Ծոփքում` Զարեհը: Արտաշեսը Հին աշխարհի ականավոր ռազմական ու քաղաքական գործիչներից է: Նա ունեցել է միջազգային մեծ ճանաչում և հեղինակություն: Արտաշեսի մասին տեղեկություններ են պահպանվել հայկական, հունահռոմեական, վրացական ակզբնաղբյուրներում,  արամեատառվիմագիր արձանագրություններում: Արտաշեսը ծնվել է մոտ Ք. ա. 230 թ. մեծատոհմիկ Զարեհի ընտանիքում: Մագնեսիայի ճակատամարտից հետո հռչակելով Հայաստանի անկախությունը` դարձել է նրա թագավորն ու հիմք դրել նոր` Արտաշեսյան արքայատանը: Թագավոր հռչակվելուց հետո իրեն կոչել է Երվանդական արքայատան շառավիղ:
 Հայկական հողերի վերամիավորումը: Արտաշեսի` գահ բարձրանալու պահին Մեծ Հայքի թագավորության տարածքը պարփակված էր միայն կենտրոնական նահանգների սահմաններում: Հայկական մի շարք երկրամասեր գրավել էին հարևան երկրները` Մարաստանը, Վիրքը, Պոնտոսը, Սելևկյան տերությունը և այլ երկրներ: Արտաշեսն իր առջև խնդիր է դնում իրականացնելու հայրենիքի վերամիավորման կարևորագույն ծրագիրը:
 Հույն աշխարհագետ ՍտրաբոնըՍտրաբոն մանրամասն տեղեկություններ է հայտնում Արտաշեսի այդ ձեռնարկի մասին: Նրանից ենք իմանում, որ Արտաշեսն իր թագավորության սկզբում արշավել է դեպի արևելք և հասել Կասպից ծովի ափերը, որի արդյունքում Մեծ Հայքին են միացվել Փայտակարանը և Կասպից երկիրը: Այնուհետև արշավանք է ձեռնարկվել դեպի հյուսիս, որտեղ հարևան Վիրքը զավթել էր հայկական Գուգարք նահանգը: Արտաշեսի հանձնարարությամբ Սմբատ Բագրատունի զորավարը ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթած տարածքները: Վրացական աղբյուրը հավաստում է, որ վրացիները պարտավորվում են «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և անհրաժեշտության դեպքում նրան զորք տրամադրել:Արևմուտքում Արտաշեսը Մեծ Հայքին վերադարձրել է Կարնո երկիրը, Եկեղիք ու Դերջան գավառները, իսկ հարավում` սելևկյան Անտիոքոս IV-ի դեմ մղված երկարատև ու համառկռիվներից հետո` Տմորիք երկրամասը:
 Մեծ Հայքին նաև Ծոփքի և Կոմմագենեի հայկական թագավորությունները միավորելու Արտաշեսի ջանքերն այդ ժամանակ հաջողություն չունեցան:
 Այսպիսով` Արտաշեսի գործունեության շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը, ինչպես նախորդ համահայկական թագավորությունների ժամանակ, վերամիավորվեց մեկ ընդհանուր պետության` Մեծ Հայքի թագավորության մեջ: Պատահական չէ, որ դեպքերի ժամանակակից հույն պատմագիր Պոլիբիոսը Արտաշեսին անվանում է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ Ստրաբոնը հավաստում է, թե «Հայաստանն... աճել է Արտաշեսի ջանքերով... և ուստիայստեղ բոլորը միալեզու են», այսինքն` հայալեզու: Ստրաբոնի այս արժեքավոր տեղեկությունըվկայում է, որ Արտաշեսը կարողացել է վերոնշված հայալեզու երկրամասերը վերամիավորել մեկ պետության կազմում: Այդ իրադարձությունն ունեցավ ազգային-քաղաքական կարևոր նշանակություն:
   Մեծ Հայքի միջազգային հեղինակության աճը: Արտաշեսի օրոք Մեծ Հայքը դարձավ Առաջավոր Ասիայի ազդեցիկ պետություններից մեկը, որը կարևոր դեր էր խաղում տարածաշրջանի քաղաքական կյանքում: Այսպես, երբ Ք.ա. 183-179 թթ. պատերազմ բռնկվեց Փոքր Ասիայում մի կողմից` Պոնտոսի ու Փոքր Հայքի, իսկ մյուս կողմից` Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև, Արտաշես I-ը, պահպանելով չեզոքություն, ակտիվորեն ներազդեց կողմերիվրա, և նրա միջնորդական առաքելության շնորհիվ պատերազմը դադարեց: Կողմերի միահամուռցանկությամբ, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ` նա իրավարարի կարգավիճակով հրավիրվեց մասնակցելու հաշտության պայմանագրի կնքմանը: Դիվանագիտական նուրբ ուճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ պայմանագրում հատուկ կետ մտցնել, որով Պոնտոսի հաշվին ընդարձակվեց Փոքր Հայքի տարածքը: Դա, անշուշտ, հետագայում Փոքր Հայքն իր թագավորությանը միացնելու հեռահար քայլ էր: Արտաշեսը Ք.ա. 165 թ. վճռական հակահարվածտվեց սելևկյան Անտիոքոս IV-ին, որը փորձում էր Հայաստանը ենթարկել Սելևկյանների գերիշխանությանը: Արտաշեսը շարունակեց քայլերը Մերձավոր Արևելքում այդ պետության դիրքերը թուլացնելու ուղղությամբ: Այդ նպատակով նա օժանդակեց Մարաստանի սելևկյան սատրապ Տիմարքոսի ապստամբությանը (Ք.ա. 162-160 թթ.), որը զգալիորեն թուլացրեց Սելևկյան տերության հիմքերը:
 Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն, որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների: Արտաշեսն անհապաղ ձեռնամուխ է լինում տնտեսության, մշակույթի, ռազմական, վարչաքաղաքական և այլ բնագավառներում բարեփոխումների իրականացմանը:
 Արարատյան դաշտում` Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում: Մովսես Խորենացին այդ մասին վկայում է.«Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են, բլուրը հավանելով, քաղաք է շինում ու իր անունով կոչում է Արտաշատ»: Իսկ Ք. Հ. I դարում ապրած հույն պատմիչ Պլուտարքոսը հավաստիացնում է, թե Արտաշատի տեղանքն ընտրել է Կարթագենի հռչակավոր զորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ քաղաքական ապաստան էր գտել Հայաստանում: Արտաշեսի առաջարկությամբ
ՀաննիբալՀաննիբալը գլխավորել է քաղաքի շինարարական աշխատանքները, որոնք ընթացել են նախապես կազմված հատակագծով. «Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր»: Եվ իրոք, հնագիտական պեղումները, որ ընթանում են ներկայիս Խոր Վիրապի շրջակայքում, ցույց տվեցին, որ քաղաքը կառուցվել է հատակագծով: Արտաշատը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով` հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Մայրաքաղաքը բնակեցնելու համար այստեղ է տեղափոխվել Երվանդաշատի, Արմավիրի բնակչության և ռազմական արշավանքների ժամանակ գերեվարվածների մի մասը: Արտաշատը կառուցվել է առևտրական նշանավոր տարանցիկ մայրուղիների խաչմերուկում, և պատահական չէ, որ այն շուտով դարձել է Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտեսական ու մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը: Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ, որոնք կրել են Արշատ, Արտաշիսյան, Զարեհավան, Զարիշատ անունները: Վերջին երկուսը անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր` Զարեհի:
 Հողային բարեփոխումը: Արտաշեսի օրոք խիստ սրվել էին հողի մասնավոր սեփականատերերի և գյուղական համայնականների միջև հակասությունները:  Ագարակատերերն անարգել զավթում էին համայնական հողերն ու գյուղացիներին զրկում իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Բնականաբար, հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը, դեռ ավելին` շահագրգռված չէր և չէր կարող զինվորագրվել բանակին: Համայնական հողերի անզուսպ յուրացումը տեղիք էր տալիս զինված ընդհարումների: Պետությունը չէր կարող անտարբեր դիտողի դերում լինել: 
 Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից: Այս հրամանագիրը մի կողմից` օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը: Հողային բարեփոխման վերաբերյալ պատմահայրը վկայում է, թե «Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները..., կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»: Սահմանաքարերից շուրջ քսանը, որ ունեն Արտաշեսի անունով արամեերեն արձանագրություններ, հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում: Դրանցից մի քանիսն այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:
 Ռազմավարչական և այլ բարեփոխումներ: Արտաշեսի բարեփոխումներից առավել կարևորներից է ռազմականը: Նրա օրոք ստեղծվեց հայկական կանոնավոր ու լավ զինված բանակ: Հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար նա ստեղծեց չորս զորավարություններ: «Արտաշեսը,- գրում է Մովսես Խորենացին,- զորքի իշխանությունն էլ չորս մասի է բաժանում. արևելյան կողմի զորքը թողնում է (իր որդի) Արտավազդին, արևմտյանը տալիս է (իր որդի) Տիրանին, հարավայինը վստահում է (իր զորավար) Սմբատին, իսկ հյուսիսայինը` (իրորդի) Զարեհին»:
 Երկրի կառավարումը դյուրացնելու նպատակով Արտաշեսն այն բաժանեց 120 գավառների, որ հունահռոմեական հեղինակներն անվանում են ստրատեգիաներ, իսկ դրանց կառավարիչներին`ստրատեգոսներ:
 Կարգավորվել են նաև արքունի գործակալությունները, որոնցից կարևորագույնները` սպարապետությունը և հազարապետությունը, հանձնվել են արքայի մերձավորներին: Հարևան հելլենիստական պետությունների օրինակով Արտաշեսը սահմանել է նաև թագավորի և նրա նախնիների պաշտամունքը: Արտաշատում կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը, որտեղ կանգնեցվել են թագավորի նախնիների արձանները: Տաճարներեն կառուցվել նաև Հայաստանի այլ քաղաքներում: Նման ձեռնարկները պետք է ժողովրդի աչքում բարձրացնեին թագավորական իշխանության հեղինակությունը:
 Արտաշեսը կարգադրել է ճշգրտել հայկական օրացույցը, հստակեցնել տոմարը, կազմակերպել է նավագնացություն լճերի և նավարկելի գետերի վրա ու կատարել բազում այլ բարեփոխումներ: Կատարած բազմաթիվ նշանավոր գործերի համար դեռ իր կենդանության ժամանակ Արտաշեսն աստվածացվել է. նա մեծարվել է «Բարի»«Բարեպաշտ»«Աշխարհակալ» տիտղոսներով: Նրա մասին ժողովուրդը ստեղծել է երգեր, վեպեր, որոնց մի մասը գրի է առել Մովսես Խորենացին և ի պահպանություն թողել սերունդներին(«Արտաշես և Սաթենիկ»
Արտաշես և Սաթենիկ,«Արտաշես և Արտավազդ» և այլն): Այդ երգերում գովերգվել են նրա իմաստությունը, քաջությունը, բարությունը, շինարարական գործունեությունը, շեշտվել նրա անհուն սերը հայրենիքի նկատմամբ: Արտաշեսի հանդեպ ժողովրդի սերն արտահայտվել է նաև նրանով, որ հետագայում հայերն իրենց սիրելի թագավորներին տվել են «Արտաշես» պատվատիտղոսը (Զենոն, Տրդատ I և այլք):
 Արտաշեսը մահացել է շուրջ Ք.ա. 160 թվականին` 70 տարեկան հասակում:

 

Հովհաննիսյան Պ.

Գրականության ցանկ

 

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am