Ալեքսանդր ԽատիսյանԽատիսյան Ալեքսանդր Հովհաննեսի (Իվանի): Ծնվել է 1876-ի փետրվարի 17-ին Թիֆլիսում, մահացել է 1945-ի մարտի 10-ին Փարիզում): Եղել է հասարակական-քաղաքական և պետական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Մասնագիտությամբ՝ բժիշկ: Գևորգ Հովհաննեսի և Կոստանդին Հովհաննեսի Խատիսյանների եղբայրը: Ավարտել է Թիֆլիսի պետական գիմնազիան, սովորել Մոսկվայի ու Խարկովի համալսարաններում, ապա՝ Գերմանիայում: 1902-ին ընտրվել է Թիֆլիսի քաղխորհրդի անդամ, 1906-ին՝ Թիֆլիսի քաղաքագլխի օգնական, 1909-1917-ին՝ քաղաքագլուխ, 1914-ին՝ նաև Կովկասյան քաղաքների միության նախագահ, 1915-1917-ին՝ Հայոց ազգային բյուրոյի փոխնախագահ, 1917-1918-ին՝ ՀԱԽ-ի անդամ: 1917-ին ընտրվել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքագլուխ: 1918-ին՝ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ֆինանսների նախարար, մասնակցել է Թուրքիայի հետ Տրապիգոնի և Բաթումի հաշտության բանակցություններին, ՀՀ (1918-1920) անկախության հռչակմանը: 1918-ի նոյեմբերից՝ ՀՀ արտաքին գործերի նախարար, 1919-ի հուլիս-1920-ի մայիսին՝ վարչապետ (փոխարինել է Հ. Քաջազնունուն,): 1920-ի դեկտտեմբերի 2-ին ՀՀ կառավարության անունից ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ վտարանդի: Ապրել է Փարիզում, շարունակել քաղաքական գործունեությունը 1922-1923-ի Լոզանի կոնֆերանսում (Ազգային պատվիրակության անդամ): Գրել է «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» (1930) հուշագրությունը:

 

 Գրականություն

Ով ով է. հայեր, Կենսագրական հանրագիտարան, Հատոր 1-ին,

Տե´ս նաև՝

Վրացյան Ս., Հայաստանի հանրապետություն, Երևան,1993 թ.

Խատիսյան Ա., Քաղաքապետի մը Յիշատակները,Պեյրութ, 1991

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am