Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Ակնայի (ԱՂԴԱՄ) ռազմական հենակետի վնասազերծումը

 Ակնայի (ԱՂԴԱՄ) ռազմական հենակետի վնասազերծում, ռազմական գործողություն։ Տեղի է ունեցել 1993-ի հուլիսի 4-24-ը։

 Աղդամ (թուրքերեն՝ «Սպիտակ տուն») քաղաքը գտնվում է Ղարաբաղի հարթավայրում՝ Ստեփանակերտից մոտ 30 կմ արեելք։ Հիշատակվում է XVIII դ. որպես սովորական բնակավայր։ Քաղաքի է վերածվել խորհրդային ժամանակաշրջանում։ Աղդամից ոչ հեռու գտնվում են Ասկերանի բերդի ավերակները։ 1918-20-ին թուրքական զորքերն այստեղից ներխուժել են Լեռնային Ղարաբաղ և հասել Շուշի, իսկ մուսավաթական զորքերը 12-օրյա արյունահեղ մարտերից հետո տիրել են Ասկերանին և շարժվել երկրամասի խորքերը։

 1988-ից Աղդամը նորից դարձել էր հակահայկական գործունեության կենտրոն, պատերազմի հետագա զարգացումների ընթացքում՝ հակառակորդի ռազմավարական պլացդարմ։ Վերահսկելով Աղդամը՝ ԻՊՈՒ զորամասերը կստանային հակառակորդին հուսալիորեն դիմագրավելու և մանևրելու լայն հնարավորություններ։

 Ռազմական նախապատրաստական գործողությունները սկսվել են 1993-ի հուլիսի 4-ին։ Հարավարեմտյան ուղղությամբ հարձակման են անցել Ասկերանի պաշտպանական շրջաաի (հրամանատար՝ Վ. Բալասանյան) մարտիկները՝ քաղաքի մատույցները հսկող Ձուխուրմահլա, «Ուղտի մեջք», Խըդըրլու և այլ հենակետերի չեզոքացման նպատակով։ Եդդիխրմանի ստորոտում դիրքավորված 1-ին, 2-րդ ե 4-րդ գումարտակներից մեկական վաշտ, 4 տանկի ուղեկցությամբ, գրոհել են Ձուխուրմահլա գյուղը։ Կարճատև դիմադրությունից հետո հակառակորդը փախուստի է դիմել։ 2-րդ գումարտակի (հրամանատար՝ Ռ. Հակոբջանյան) մարտիկները նույն գյուղում դիրքեր են զբաղեցրել, իսկ 1-ին գումարտակը (հրամանատար՝ Վ. Սաֆարյան) շարժվել է Խրամորթի ուղղությամբ։ Խրամորթի այգիներում կռվող խանաբադցիների վաշտը և մի ջոկատ (հրամանատար՝ Մ. Սարգսյան) գրավել են Խըդըրլու գյուղը, իսկ Ա. Հարությունյանի զորախումբը՝ Ահմեդավար գյուղը։ 3-րդ գումարտակը և 1-ինAxdami_azatagrumy գումարտակից ընտրված վաշտը, 1 ՀՄՄ-ի և «Ուղտի մեջք» դիրքերը հրետակոծող տանկի աջակցությամբ, Լաչինգոյի մոտ գետանցելով Կարկառը, գրավել են «Ուղտի մեջք», ապա՝ «Հանգստյան տան» դիրքերը։ Երեկոյան գրավելով 579.1 բարձունքը՝ ազատամարտիկները մարտերը տեղափոխել են Շելլի գյուղի ուղղությամբ։ Հարավից մարտական գործողություններ են զարգացրել Մարտունիի (հրամանատար՝ Մ. Հակոբյան), հյուսիս-արեմուտքից՝ Կենտրոնական (Ս. Կարապետյան) ՊՇ-ների ստորաբաժանումները։ Հուլիսի 21-ին հակառակորդի կրակակետերը ճնշելու համար ակտիվ գործողությունների են դիմել Մարտունիի ՊՇ հետևակի մարտիկները, որոնք մեկ օրվա ընթացքում թշնամուց մաքրել են Շելլի և Քյուրդալար բնակավայրերը։ Թշնամին կորցրել է 40 զինվոր, 1 տանկ ե 2 զենիթային թնդանոթ։ Հուլիսի 22-ին հակառակորդը փորձել է հետ գրավել կորցրած բարձունքները։ Հայ մարտիկները հաջողությամբ պաշտպանվել են և շարունակել վերահսկել «Ուղտի մեջք», «Եդդիխրման» ու «Շահբուլաղ» ռազմավարական բարձունքները։ Հուլիսի 16-ին հակառակորդի հետևակը հարձակվել է «Ուղտի մեջք» բարձունքի ուղղությամբ, հրետակոծել Շելլիի և Շահբուլաղի հայկական պաշտպանական դիրքերը։ Ասկերանի առանձին մոտոհրաձգային գումարտակները, համագործակցելով Ասկերանի ՊՇ-ի հետ, ճնշել են Կըզըէ Քենգեռլի, Թալըշլար, Մահսուդլու, Թարնա֊յուդ բնակավայրերի ե 610 բարձունքի հակառակորդի կրակակետերը։ Մարտական գործողությունների կարճատե դադարից հետո հակառակորդը վերստին լայնամասշտաբ հարձակումներ է ձեռնարկել ԼՂՀ արեելյան սահմանագծի երկու հիմնական՝ Ասկերանի և Մարտունիի շրջանների ուղղություններով։ ԻՊՈՒ և ՊՇ ստորաբաժանումները, լուծելով հակառակորդի կրակակետերի ոչնչացման խնդիրը, ձեռնամուխ են եղել քաղաքում տեղակայված առավել խոշոր և Ստեփանակերտին անմիջականորեն սպառնացող ռազմակայանի վնասազերծմանը։

Ակնա (Աղդամ) Հուլիսի 21-ին Վ. Սաֆարյանի ե Ռ. Հակոբջանյանի գումարտակներից 30-ական մարտիկներ երկու կողմից գրոհելով՝ մտել են Կասումլու, Կարադաղլու և Փոլադլու գյուղերը։ Սայբալուի և հարակից կրակակետերը ոչնչացրել են Կենտրոնական ՊՇ-ի մարտիկները։ Հուլիսի 22-ին Ասկերանի ՊՇ-ի մարտիկները շարժվել են և երեք խմբի բաժանված՝ հասել են Աղդամի «Հաղթանակի հուշարձանին»։ Նույն օրը ժամը 17-ին Մարտունիի ՊՇ-ի մարտիկները գործողություններ են սկսել Նովրուզլու բնակավայրի ուղղությամբ, վերահսկողության տակ առել Իսմայիլբեյլին։ Մարտերը շարունակվել են Ցուսուֆջանլուի տարածքում։ Նովրուզլու գյուղում ոչնչացվել է հակառակորդի թնդանոթը։ Երեկոյան հակառակորդը պայթեցրել է Նովրուզլու տանող կամուրջը։ Դադարեցվել է Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների առաջխաղացումն այդ ուղղությամբ, և նրանք վերադարձել են Մարզիլու գյուղի մոտակայքի իրենց նախկին դիրքերը։

 Հուլիսի 23-ին արյունահեղ մարտեր են ծավալվել Աղդամի տարբեր հատվածներում։ Նահանջի ճանապարհին հակառակորդը պայթեցրել է արդյունաբերական կարևոր օբյեկտներ և բնակելի շենքեր։ 1-ին և 2-րդ գումարտակները շարժվել են քաղաքի հարավային մասով, 3-րդ գումարտակը՝ «Հաղթանակի հուշարձանի» մոտից՝ կենտրոնական մզկիթի ուղղությամբ։ Հարավարևելյան կողմից քաղաք են մտել Կենտրոնական և Մարտունիի ՊՇ-ների ազատամարտիկները։ Հակառակորդը դիմադրել է հատկապես Բարդա թեքվող ճանապարհի շրջակայքում։ ՊԲ մյուս ստորաբաժանումների համագործակցությամբ հաղթահարվել է հակառակորդի դիմադրությունը։ Հայ ազատամարտիկները մարտանցումով մտել են Աթյեմազլի գյուղը, որտեղ Խանաբադի վաշտը խփել է մեկ տանկ, 4-րդ ե 5-րդ գումարտակներն առաջացել են Խըդըրլու-Գիյասլի գծով և Աթյեմազլիի մոտ հանդիպել Ասկերանի ՊՇ-ի մյուս ստորաբաժանումներին։ Հարավից՝ Մարտունիի ՊՇ, հարավ-արեմուտքից՝ Ասկերանի, հյուսիս արեմուտքից՝ ՊԲ-ի մյուս ստորաբաժանումների համաձայնեցված գործողություններն ավարտվել են հաղթանակով, և 1993-ի հուլիսի 23-ինԱղդամ քաղաքը վերահսկողության տակ է առնվել։

 Աղդամի ռազմական գործողության նախապատրաստման և իրագործման գործում մեծ է եղել Ասկերանի, Մարտունիի և Կենտրոնական ՊՇ-ների անձնակազմի, կենտրոնական ենթակայության հրետանավորների՝ 152 մմ-անոց առանձին հրետանային դիվիզիոնի և 82 մմ-անոց առանձին ականանետային դիվիզիոնի, Կենտրոնական ՊՇ-ի ականանետային (122 մմ-անոց) մարտկոցի, Ասկերանի և Մարտունիի ՊՇ-ի հրետանավորների դերը։

 Աղդամի ռազմական գործողության արդյունքում վերացվել է Ստեփանակերտի և շրջակա գյուղերի վրա հեռահար հրանոթներից և հրետանային այլ միջոցներից հրետակոծությունների վտանգը։ Հակառակորդին հասցվել է ռազմական և բարոյահոգեբանական հարված։ Ռազմական հենակետի վնասազերծումով կաթվածահարվել է ԼՂՀ արևելյան և հարավային սահմանների երկայնքով հակառակորդի կենտրոնացված խմբավորումների գործունեությունը և թիկունքային ապահովումը։ Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված հուլիսի 23-ին դիմել է ԼՂՀ իշխանություններին՝ կրակի դադարեցման խնդրանքով։ Արդյունքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսի 25-ի 00 ժամից մինչև հուլիսի 28-ը դադարեցնել կրակը։ 1993-ի հուլիսի 28-ին Մարտակերտի և Միրբաշիրի սահմանագլխին հանդիպել են ԼՂՀ և Ադրբեջանի ներկայացուցիչները, պայմանավորվել 7 օրով երկարաձգել հրադադարը, փոխանակել պատանդներին ու գերիներին։ Սակայն հաջորդ օրը Ադրբեջանը հրաժարվել է իր ստանձնած պարտավորություններից։

 Աղդամի ռազմական հենակետի  վնասազերծում 1993-ի հուլիսին տեղի ունեցած մարտական գործողություններից առավել նշանակալի և բեկումնային ռազմական գործողությունն էր։ 1993-ի հուլիսից Աղդամը ՊԲ վերահսկողության տակ է։

Մ. Հաաւթյունյան, Հ. Խաչատրյան

Գրականություն՝

 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am