Ադրբեջան [արաբա-թուրքերեն հնչողությամբ՝ Ադրաբիջան, Ադրբայջան, Ազրբայջան, Ազրիբեջան, պարսկերեն՝ Ազարաբագդան, որը նշանակում է ատրուշան (պահլավերեն՝ atur-կրակ և san-տեղ՝ կրակարան, մեհյան)], Իրանի հյուսիսարևմտյան երկրամասի պատմական անվանումը, որով 1918-ի մայիսի 27-ին Թիֆլիսում հիմնադրված Մուսուլմանական ազգային խորհուրդը, հակառակ Իրանի բողոքներին, կոչել է Անդրկովկասի մերձկասպյան տարածքում Թուրքիայի աջակցությամբ հռչակած պետական անկախ կազմավորումը՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը (ԱԴՀ):

Իրանի Իսլամական մեծ հանրագիտարանի խմբագրական կազմի անդամ էնայաթոլլահ Ռեզան, հենվելով պատմական փաստերի վրա, ապացուցել է, որ «այն տարածքներն Անդրկովկասում, որ թրքախոսներով են բնակեցված, երբեք Ադրբեջան չեն կոչվել» [Enayatollah Reza, Azirbajan and Aran (Albania of Caucasus), Tehran, 1981]: է. Ռեզան նույն տեղում գրում է, որ «Առան և Շիրվան շրջանների Ադրբեջան անվանելը Թուրքիայի ցանկությամբ է եղել, քանի որ թուրքերը բազմիցս հարձակվել են Իրանի Ադրբեջանի վրա, սակայն չկարողանալով տիրել դրան, որոշել են անուղղակիորեն իրագործել իրենց նպատակը՝ նախ մեկ ընդհանուր՝ Ադրբեջան անվան տակ ներառել Անդրկովկասի նշված շըրջաններն ու Ադրբեջանը, իսկ հետագայում ամբողջությամբ կցել Թուրքիային»:

 Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունն իր իրավասության ներքո է հայտարարել իր գոյությունը դադարեցրած ռուսական կայսրության Բաքվի և Ելիզավետպոլի տարածքները, Զաքաթալայի օկրուգը: Սակայն գոյության երկամյա ժամանակահատվածում (1918-ի մայիսի 27 - 1920-ի ապրիլի 28) հանրապետության իշխանություններին այդպես էլ չի հաջողվել գերիշխանություն հաստատել հատկապես Ելիզավետպոլի նահանգի, Շուշիի, Ջիվանշիրի, Գանձակի և այլ գավառների վրա: 1918-ի ապրիլից Բաքվում և նրա հարակից շրջաններում իշխանությունը գտնվել է Բաքվի ժողկոմխորհի ձեռքում, որը գլխավորում էր Խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհի կողմից նշանակված Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար Ս. Շահումյանը (1878-1918):

 Բաքվի նավթին տիրանալու, պանթուրքական ծրագրերի իրականացմանը խոչընդոտող Հայկական հարցը վերջնականապես «լուծելու», ինչպես նաև «Ադրբեջան» հռչակած տարածքում ինքնակոչ հանրապետության գերիշխանությունը հաստատելու նպատակով 1918-ի գարնանը թուրքական զորքերը ներխուժել են Անդրկովկաս և զինաթափելով Գանձակի հայկական ինքնապաշտպանության ջոկատները՝ Նուխի-Արեշ, Գյոկչա-Շամախի հայաբնակ գավառներով շարժվել դեպի Բաքու: Թուրքական զորամիավորումները, միանալով տեղական մուսավաթական ջոկատներին, իրենց ճանապարհին ավերել, թալանել են մոտ 45 հայկական բնակավայրեր, կոտորել ու խոշտանգել ավելի քան 40 հզ. հայերի: Մուսավաթական զինված առանձին ջոկատներ փակել են Շուշի տանող բոլոր ճանապարհները, կտրել կապը Ղարաբաղի լեռնային ու դաշտային շրջանների և Զանգեզուրի միջև, պարբերաբար հարձակվել Ղարաբաղի հայկական գյուղերի վրա: Երեքուկես ամիս տևած համառ ու արյունահեղ մարտերից հետո, 1918-ի սեպտեմբերի 15-ին, թուրքական զորքերը գրավել են Բաքուն: 1918-ի հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարի պայմանագրի (ստորագրվել է Մեծ Բրիտանիայի և Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Թուրքիայի միջև) 11-րդ և 16-րդ հոդվածներով նախատեսվել է թուրքական զորքերը դուրս բերել Անդրկովկասից, Իրանից և Կիլիկիայից: Իրապես, սակայն Թուրքիայի ներկայությունը ԱԴՀ-ի քաղաքական կյանքում մնացել է առարկայական, իսկ 1922-ի հոկտեմբերին Մուդանիայի զինադադարով (որով ավարտվել է 1919-1922-ի հույն-թուրքական պատերազմը) Մուդրոսի զինադադարի պայմանագիրը կորցրել է իր ուժը:

 1918-ի նոյեմբերի 17-ին Բաքու են մտել անգլիական օկուպացիոն ուժերը և Անդրկովկասում իրադրությունը վերահսկելու, բրիտանական շահերն Ասիայում «բոլշևիկյան վտանգից» զերծ պահելու նկատառումներով տարածաշրջանում մտցրել ռազմական դրություն, նշանակել նահանգապետ (պոլիցեյմեստեր): Ադրբեջանի հետ այսպես կոչված «սահմանային վեճերի» հարցում անգլիացիներն ունեցել են ադրբեջանամետ դիրքորոշում, իսկ 1919-ի հունվարին գեներալ Թոմսոնը հայտարարել է, որ Ղարաբաղը և Զանգեզուրը մինչև հաշտության վեհաժողովի վերջնական որոշումը պետք է ենթարկվեն Ադրբեջանին:

1918-ի դեկտեմբերից վերսկսել են գործել Հայոց ազգային խորհուրդները Բաքվում և գավառներում: Բաքվի Հայոց ազգային խորհուրդը, որը փաստորեն կտրված էր գավառներից, փորձել է միավորել ու ներկայացնել հայության խնդիրները և լուծում տալ դրանց: Անգլիական օկուպացիոն իշխանությունները, հասկանալով հայերի պատմական ու իրավական դերը իբրև այդ երկրամասի բնիկ ժողովրդի, Բաքվի Հայոց ազգային խորհրդին առաջարկել են մասնակցել ԱԴՀ-ի օրենսդիր ու գործադիր իշխանությունների գործունեությանը: Ազգային խորհուրդն սկզբում մերժել է առաջարկը, սակայն անգլիացիների խորհրդով՝ ընդունել: 1919-ին Ազգային խորհուրդն իր 9 ներկայացուցիչներին ուղարկել է խորհրդարան, երկուսին՝ կառավարություն (Խ. Համասփյուռ և Ա. Դաստակյան): Պատգամավորների և երկու նախարարների ներկայությունը ԱԴՀ-ի քաղաքական կյանքում սոսկ խորհրդանշական էր: Բաքվի Հայոց ազգային խորհրդի ամբողջ գործունեությունը, կառավարության և խորհրդարանի անդամներ նշանակելու նրա իրավասությունը, հայերի տնտեսական, մշակութային ու քաղաքական գործունեությունը ղեկավարելու լիազորությունները վկայում են, որ ԱԴՀ ստեղծվել է պետական իշխանության մարմիններ ունեցող երկու ժողովուրդների՝ հայերի ու թուրք-թաթարների համաձայնության հիման վրա:

ԱԴՀ խորհրդարանն ու կառավարությունը ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառներում առաջնորդվել են Մուսավաթ կուսակցության գաղափարախոսությամբ, որը խարսխվում էր պանթուրքիզմի գաղափարների վրա: 1919-ի հոկտեմբերի 29-ին կնքված թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի համաձայն՝ հանրապետությունն իրավասու չէր որևէ ինքնուրույն քայլ ձեռնարկել առանց Թուրքիայի հավանության:

1920-ի ապրիլի 28- ին ռուսական 11-րդ կարմիր բանակը մտել է Բաքու: Տեղի է ունեցել իշխանափոխություն: Ապրիլի 28-ին Ադրբեջանի հեղկոմը հայտարարել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ստեղծումը և կառավարության՝ ժողկոմխորհի կազմը:        

Ադրբեջանի իշխանությունները, ճարպկորեն օգտագործելով բոլշևիկյան Ռուսաստանի ու Անտանտի երկրների հակասությունները, 11-րդ կարմիր բանակի զինված ուժերով 1921-ի ընթացքում զավթել են հայկական Ղարաբաղն ու Նախիջևանը:

Հանրապետությունում նոր իշխանության հաստատման երկրորդ օրը (30.4.1920) վերջնագիր է ներկայացվել Հայաստանի Հանրապետությանը՝ Ղարաբաղից և Զանգեզոսից իր զինված ուժերը դուրս բերելու պահանջով:

1920-ի նոյեմբերի 9-ին, երբ 11-րդ կարմիր բանակի զորամասերը գտնվել են Աղստևի հովտում, Ադրբեջանի իշխանությունները շնորհավորել են խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում և հայտարարել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերացված են սահմանային վեճերը, իսկ «Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասերը»: Սակայն երեք ու կես ամիս հետո Ադրբեջանի ղեկավարությունը վերանայել է իր որոշումը, իսկ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921-ի մարտի 16-ի կնքված այսպես կոչված բարեկամության և եղբայրության Մոսկվայի պայմանագրի 1-ին հոդվածի վերջին մասով և 2-րդ ու 3-րդ հոդվածներով՝ Թուրքիային էին անցել Բաթումի մարզի հարավային մասը և Արդվինը, Հայաստանից՝ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը: Հայաստանից անջատվում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի պետական իշխանությանն էր անցնում Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը և Երևանի գավառի մի մասը, ընդ որում, հատուկ նշվում էր, որ Ադրբեջանն այդ ինքնիշխանությունը չի զիջի երրորդ պետության: Պայմանագրի դրույթները կոպտորեն ոտնահարում էին Հայաստանի կենսական շահերը, և փաստորեն Հայաստանին առընչվող հարցերը լուծվեցին նրա թիկունքում:

1921-ի հուլիսի 4-ին կուսակցական մարմին ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոն քվեարկությամբ որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղը թողնել Հայկական ԽՍՀ կազմում: Հաջորդ օրը, սակայն, այդ նույն մարմնի առանց քվեարկության կայացրած որոշման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը միավորվել է Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ ստանալով լայն ինքնավարության իրավունք :

 Իրավական տեսակետից ուժ չունեցող այդ որոշումն անգամ (ընդունվել էր կուսակցական մարմնի կողմից) իրագործվել է երկու տարի ձգձգումներով՝ 1923-ի հուլիսի 7-ին (տե´ս Լեռնային Ղաrաբաղի Համապետություն հոդվածում)՝ վերադաս կուսակցական մարմինների մի շարք կարգադրություններից ու հրահանգներից հետո: Հաշվի առնելով Ադրբեջանի համար Շուշիի ռազմավարական կարևորությունը՝ նրա փոխարեն ԼՂիՄ-ի վարչական կենտրոն է հռչակվել Խանքենդի գյուղը (ներկայումս՝ Ստեփանակերտ): Իսկ կանխամտածված սահմանազատման հետևանքով՝ 6 կմ լայնությամբ նեղ շերտով արհեստականորեն անջրպետվել են Լեռնային Ղարաբաղն ու ՀԽՍՀ-ն, ստեղծվել է Կարմիր Քրդստանը:

 1922-ի մարտի 12-ին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունը Հայաստանի և Վրաստանի խորհրդային հանրապետությունների հետ կազմել են Անդրկովկասյան Ֆեդերացիան, որն իր հերթին 1922-ի դեկտեմբերին մտել է կազմավորված ԽՍՀՄ կազմի մեջ: 1936-ի դեկտեմբերի 5-ին Ադրբեջանը հայտարարվել է ինքնուրույն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն՝ ԽՍՀՄ կազմում:

 1921-1924-ի ընթացքում Նախիջևանը երեք անգամ փոխել է իր կարգավիճակը՝ խորհրդային հանրապետություն, երկրամաս, ինքնավար հանրապետություն: Պետականորեն արգելելով իրենց բնակավայրերից բռնագաղթած հայերի վերադարձը հայրենիք (Ադրբեջանական ԽՍՀ Կենտգործկոմի 1926-ի ապրիլի 6-ի որոշումը)՝ Խորհրդային Ադրբեջանը կտրուկ փոխել է Նախիջևանի ժողովրդագրական իրավիճակը՝ հօգուտ թուրքերի: 1916-ին հայերի թիվը Նախիջևանում եղել է 53,9 հզ.՝ կազմելով բնակչության ընդհանուր թվի մոտ 40 %-ը, 1926-ին՝ 11,3 հզ., իսկ 1974-ին՝ 3,4 հզ.: Հաջորդ խնդիրը բռնակցված շրջանների և այլ բնիկ հայկական բնակավայրերի հայաթափ անելն էր, որն իրագործվել է տարբեր եղանակներով. 1950-ական թվականներին վարչատարածքային վերաձևման են ենթարկվել ՀԽՍՀ-ին սահմանակից մի շարք տարածքներ, ստեղծվել են ադրբեջանական նոր բնակավայրեր (1939-ին՝ ԼՂ-ին սահմանակից ժդանովի շրջան, 1954-ին և 1949-ին՝ Մինգեչաուր և Սումգայիթ քաղաքներ  և այլն): Այս վերաձևումների հետևանքով փոխվել է հայկական բնակավայրերի ժողովրդագրական իրավիճակը, հայերը դուրս են մղվել իրենց բնակավայրերից, նոր կազմավորումներում կորցրել նաև իրենց պաշտոնական վարչական դիրքը: Բաքվում, Կիրովաբադում փակվել են հայկական կրթական, մշակութային կենտրոնները՝ բուհերը, գրադարանները, թատրոնները: Բաքվում, որտեղ ավելի քան 250 հզ. հայ էր ապրում, հայկական վերջին դպրոցը փակվել է 1983-ին: Ադրբեջանը նպատակաուղղված ձևով ավերել, փակել, կորստյան է մատնել, իսկ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում գնդակոծել և ռմբակոծել է դարերի ընթացքում հայ ժողովրդի ստեղծած հարյուրավոր եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, արվեստի ստեղծագործություններ:

Տասնամյակներ շարունակ ԱԱդրբեջանի պատմագիտական միտքը (Զ. Բունիաթով, Ֆ. Մամեդովա և ուրիշներ), կեղծելով ու աղավաղելով փաստերը, տքնել է մի ուղղությամբ՝ ապացուցելու, որ հայերը ոչ միայն Ադրբեջանում, այլև ողջ Անդրկովկասում տեղաբնիկ չեն, որ հայ որոշ պատմագիրներ աղվաններ են, որ Ադրբեջանի տարածքում սփռված քրիստոնեական պատմամշակութային հուշարձաններն աղվանական են, և հիմնականը՝ որ հենց իրենք՝ Ադրբեջանի թուրքերն են աղվանների հետնորդները:

 1979-ի մարդահամարով (1989-ի մարդահամարի տվյալները հեռու են հավաստի լինելուց) Ադրբեջանում ապրել է 475,5 հզ. հայ: 1960-70-ական թթ. հայաթափ են եղել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, Ղազախի, Զաքաթալայի և այլ շրջաններ:

1960-ական թվականներից սկսած՝ Ադրբեջանի իշխանություններն արդեն գործել են անսքող և հաճախ դիմել բռնությունների: Հայաշատ Բանանց գյուղից (Դաշքեսանի շրջան) Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանը ձորն է նետվել (26.7.1969)՝ հայկական ճարտարապետության ավանդույթով կերտված լինելու պատճառով: Չարագործությունները, սպանությունները մնացել են անպատիժ, «չբացահայտված»:

1987-ին ադրբեջանական իշխանությունները հերթական հակահայկական գործողությունը ձեռնարկել են Չարդախլու գյուղի դեմ՝ գյուղին պատկանող հողատարածությունից հատկացնելով հարևան ադրբեջանական գյուղին: Չարդախլուի հայությունն ընդդիմացել է, տեղի է ունեցել ընդհարում տեղական իշխանությունների հետ:

 Ի սկզբանե՝ 1988-ի փետրվարից սկսած, Ղարաբաղյան ազատագրական շարժումը քաղաքակիրթ բնույթ ուներ և, առաջ քաշելով Հայաստանի հետ վերամիավորվելու գաղափարի իրականացման անհրաժեշտությունը, հետապնդել է սահմանադրական եղանակով պատմական արդարության վերականգնման նպատակ: Դրան սակայն հետևել են Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Խաչմազի, Ղուբայի, Շաքիի, Կուտկաշենի, Աղսուի, Իսմայիլի, Աղդաշի, Թոուզի, Շամխորի, Գետաբեկի, Խանլարի, Դաշքեսանի, Ժդանովի, Ալիբայրամլիի և այլն բնակավայրերի հայերի ջարդերը և բռնագաղթը: Փախստականների (շուրջ 500 հզ.) մեծ մասը բնակություն է հաստատել ՀՀ-ում, մի մասն էլ՝ Ռուսաստանում և այլ երկրներում: 1989-ի հունվարի 13-ին ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը ընդունել է որոշում «Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ-ում կառավարման նոր ձև մտցնելու հետ կապված միջոցառումների մասին», որով ԽՍՀՄ պետական բյուջեի մեջ հատուկ տողով նախատեսել է ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն ցուցանիշները: Հատկացված միջոցներն ու նյութատեխնիկական հնարավորությունները տնօրինել է Ադրբեջանական ԽՍՀ, միաժամանակ մարզի ադրբեջանական բնակավայրերում ձեռնարկել շինարարական լայնածավալ աշխատանքներ: 1989-ի դեկտեմբերի 7-ից մինչև 1991-ի օգոստոսի 21-ը Մոսկվայի կողմից ներմուծված ռազմական դիկտատուրային փոխարինել է Հանրապետական կազմկոմիտեն՝ Վ. Պոլյանիչկոյի ղեկավարությամբ:

 Ադրբեջանի ռազմաքաղաքական կուրսը հիմնված էր նախ՝ ահաբեկչության, ապա՝ ուժային մեթոդներ գործադրելու վրա, որն իրագործում էին ադրբեջանական գյուղերում տեղակայված հատուկ նշանակության միլիցիայի ջոկատները (ՄՀՆՋ): 1991-ի ապրիլ-օգոստոսին Ադրբեջանի իշխանությունները ԽՍՀՄ ՆԳ զորքերի աջակցությամբ իրագործել են «Օղակ» ռազմական գործողությունը՝ հայաթափելով Շահումյանի շրջանը, Գետաշենի, Բերդաշենի ենթաշրջանները, Հադրութի շրջանի հարավային հատվածի գյուղերը: Խաղաղ բնակչության դեմ ձեռք բերած «հաջողությունները» ոգևորության ալիք են առաջացրել Ադրբեջանի ազգայնամոլ պարագլուխների շրջանում: Անպատժելիության իրողությունը նրանց դրդել է մշակել Ստեփանակերտը կործանելու ծրագիր, և 1991-ի օգոստոսի վերջին սկսվել է Շուշիից Ստեփանակերտի ամենօրյա հրետակոծումն ու հրթիռակոծումը՝ առաջին անգամ «Ալազան», իսկ հետագայում «Գրադ» տիպի կայանքներից:

 1991-ի օգոստոսի 28-ին Ադրբեջանն իրեն հայտարարել է անկախ հանրապետություն և դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, իսկ օգոստոսի 30-ին ընդունած հռչակագրում նորաստեղծ պետական կազմավորումն իրեն ճանաչել է 1918-ի մայիսի 27-ին ստեղծված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ:

 1991-ի            նոյեմբերի վերջին Ադրբեջանի Հանրապետությունը լուծարել է ԼՂԻՄ-ը, այսպիսով որևէ ընտրություն չթողնելով արցախահայությանը, քան ընտրել լիակատար անկախության ճանապարհը:

 1992-ից Ադրբեջանի Հանրապետությունը դարձել է Եվոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), նաև Մինսկի խմբի անդամ: Ադրբեջանի և ՀՀ կառավարությունների հրավերով ԵԱՀԽ-ի առաջին պատվիրակությունը հակամարտության գոտի է այցելել 1992-ի փետրվարի 12-18-ին, և փետրվարի 28-ին ավագ պաշտոնատար անձանց կոմիտեն որոշում է կայացրել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, սակայն կոնկրետ լծակների բացակայության պատճառով այն իրական որևէ ազդեցություն չի ունեցել: Ադրբեջանը, օգտվելով դրանից, շարունակել է հարձակողական գործողությունները և ԼՂՀ-ի շրջափակումը: 1992- ի ապրիլ-մայիսին Խոջալուի և Շուշիի ազատագումն ու Լաչինի մարդասիրական միջանցքի բացումը բացասաբար է անդրադարձել Ադրբեջանի ներքաղաքական իրադրության վրա, ուժեղացել է պայքարը մի կողմից Ա. Մութալիբովի և նրան համախոհ նախկին կոմունիստական վերնախավի, մյուս կողմից ընդդիմադիր ուժերի՝ Ադդեջանի ժողովրդական ճակատի (ԱժՃ) միջև: Այդ պայքարում ադրբեջանական ուժերի ցանկացած անհաջողություն ընդդիմության կողմից օգտագործվում էր նախագահի դեմ: Ընդդիմությունը հաջողությամբ Ա. Մութալիբովի դեմ օգտագործելով Խոջալուի անկման փաստը՝ նրան որպես գլխավոր հրամանատարի մեղադրել է դրանում: Հականախագահական քարոզչության արդյունքում Ա. Մութալիբովը 1992-ի մարտի 8-ին հրաժարական է տվել՝ խուսափելով երկրում քաղաքացիական պատերազմի հնարավոր բռնկումից: Մինչև արտահերթ նախագահական ընտրությունները Ադրբեջանի նախագահի պարտականությունները ստանձնել է Ադրբեջանի ԳԽ նախագահ Յ. Մամեդովը, իսկ նույն թվականի մայիսի 18-ից մինչե հունիսի 7-ը (մինչև նախագահական ընտրությունները)՝ ԳԽ փոխնախագահ Ի. Գամբարը: 1992-ի հունիսի 7-ին Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ա. Էլչիբեյը, ընտրվելով Ադրբեջանի նախագահի պաշտոնում, ձեռնարկել է ադրբեջանական ռազմուժի աննախադեպ հարձակում ղարաբաղյան ռազմաճակատի բոլոր ուղղություններով:

 Հրթիռակոծվել է Մարտակերտ քաղաքը, Աղդամից «Գրադ» կայանքից և ծանր հրետանուց արձակվել է 100-ից ավել արկեր ու հրթիռներ: Նույն օրը ռմբակոծվել են Ասկերանի, Մարտունիի և Հադրութի շրջանները: Հունիսի 12-ին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու հյուսիսարեելյան, արևելյան ու հարավարևելյան ուղղություններով շուրջ 120 կմ երկարությամբ հակառակորդը կենտրոնացրել է գրեթե իր ողջ ռազմական ներուժը՝ 150 միավոր զրահատեխնիկա, «Գրադ» կայանքներ, տասնյակ հազարի հասնող հետևակ  և այլն:

 1992-ի ամառային հարձակումը որոշակիո¬րեն ամրապնդել է Ա. էլչիբեյի դիրքերը Ա-ում: 

 Շնորհիվ իր ակնհայտ թուրքամետ քաղաքականության Ա. Էլչիբեյը զգալի աջակցություն է ստացել նաև Թուրքիայից: Այս դրությունը շարունակվել է մինչև 1992-ի վերջը, երբ հայկական ուժերը համախմբվելով և վերադասավորվելով՝ անցել են հակահարձակման: Իսկ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի 1993-ի ձեռնարկած հաջող գործողությունները և հատկապես Քելբաջարի ազատագրումը լուրջ հարված է հասցրել Ա. Էլչիբեյի հեղինակությանը: 1993-ի ամռանն Ադրբեջանի խոշոր քաղաքներում, և մասնավորապես Բաքվում, հետզհետե սկսել է տարածվել հանրահավաքների ալիքը՝ բարենպաստ հող նախապատրաստելով հերթական հեղաշրջման համար:

 Նույն թվականի հունիսին Ադրբեջանի Հանրապետության ազգային բանակի երկրորդ էքսպեդիցիոն կորպուսի հրամանատար, գնդապետ Ս. Հուսեյնովի խռովությունը Գյանջայում (Գանձակ) և նրան հավատարիմ զորքերի ռազմարշավը դեպի Բաքու ստիպել են Ա. Էլչիբեյին գաղտնաբար հեռանալ մայրաքաղաքից և ապաստանել Նախիջևանի Քաղաքիկ գյուղում: Այս դրությունից օգտվել է Հ. Ալիևը, և նշանակվել հանրապետության նախագահի պաշտոնակատար:

 Գնալով իշխանության՝ Հ. Ալիևն իր հեղինակությունն ամրապնդելու համար փորձել է կրկին օգտագործել ղարաբաղյան հաղթաթուղթը, խոստանալով կարճ ժամանակում Ղարաբաղը վերադարձնել Բաքվի իշխանություններին:

 1993-ի դեկտեմբերի 18-ից մինչ 1994-ի փետրվար ամիսը տևած ադրբեջանական բանակի և Հ. Ալիևի անմիջական նախաձեռնությամբ հրավիրված աֆղան, արաբ, չեչեն և թուրք վարձկանների մասնակցությամբ ամբողջ ճակատով սկսված հարձակողական գործողությունները էական փոփոխություններ չմտցրին պատերազմի ընթացքի մեջ: Ավելին, այս հարձակողական ռազմագործողությունը շատ թանկ նստեց ադրբեջանական կողմի վրա՝ պատճառելով հսկայական մարդկային և նյութական կորուստներ: 1994-ի ապրիլին Ադրբեջանի Հանրապետությունը ստիպված էր ընդառաջ գնալ ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովի միջնորդությամբ և ՀՀ ու ԼՂՀ պաշտպանության նախարարների մասնակցությամբ կայացած բանակցություններին և 1994-ի մայիսին կնքել զինադադար, ինչը պահպանվում է մինչև օրս (2004): 1994 ի դեկտեմբերի 5-ին Բուդապեշտում, 1996-ի դեկտեմբերին Լիսաբոնում, հետագայում տարբեր քաղաքներում կայացել են ԵԱՀԿ գագաթնաժողովներ, ՀՀ և ԱՀ նախագահների բազմաթիվ հանդիպումներ, առաջարկվել հակամարտության կարգավորման դրույթներ: 2003-ից, Հ. Ալիևի մահից հետո, Ադրբեջանի նախագահ է ընտրվել նրա որդին՝ Ի. Ալիևը:

 

 

Գրականության ցանկ.

1.Բարխուդարյանց Մ., Աղվածից երկրի և դրացիք (Միջին. Դաղստան), Թ., 1893: Նույնի, Պատմություն. Աղվանից, հ. 2, Թ., 1907:

2.Իշխանյան Բ., Բաքվի մեծ սարսափները. Անկետային ուսումնասիրություն սեպտեմբերյան անցքերի 1918 թ., Թ., 1920:

3.Ուլուբաբյան Բ., Ացախի պատմությունը սկզբից մինչև մեr օրերը, Ե., 1994:

4.Пoxoмов E. A., Kpamкuй Kypc ucmopuu Aзepбaйджана, Бaкy, 1923;

5.Иcmoрия Aзepбaйджана, m. 3, u. 1, Бaкy, 1963;

6.Haгорний Kapaбax B 1918-1923 rr., Cбopник дoкyментов u Мaтepuaлoв, E., 1992;

7.Apycтамян  E., гoрод  утраченый — roрод ытративший, "Aрмянский Вестник, 1994, N 1—2;

8. Столяров К., Распад, От Нагорново Карабаха до Беловежский пущи, M., 2001;

 Հ. Դեմոյան, Է. Բեգիջանյան

 

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am