Աբրահամյան Մարտիրոս (Բաշգյառնեցի Մարտիրոս): Ծնվել է 1886 թվականին Բաշ Գյառնի գյուղում (այժմ՝ Գառնի՝ ՀՀ Կոտայքի մարզում): Մահացել է 1957թ.-ին Թեհրանում, իսկ 1990-ին աճյունը տեղափոխվել և ամփոփվել է Գառնիում): Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ 1904-ին անդամագրվել է Գայլ Վահանի «Մասիս» ֆիդայական խմբին։ 1905-1906-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ՝ ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար (գործել է Կոտայքում), ապա Դրոյի հրամանատարությամբ մասնակցել է Սիսիանի և Գողթնի պաշտպանությանը։ 1908-ին անցել է Պարսկաստան, մասնակցել Իրանական հեղափոխությանը։ Ցարական իշխանությունները Աբրահամյանին ձերբակալել են և 1909-1911-ին բանտարկել Երևանի, ապա՝ Նովոչերկասկի բանտերում։ Առաջին աշխարհամարտի (1914-1918) ժամանակ (1914-1916-ի օգոստոս) եղել է վաշտի հրամանատար Դրոյի կամավորական 2-րդ ջոկատի կազմում, 1918-ին՝ հեծյալ զորախմբի հրամանատար Բաշ Ապարանի ճակատամարտում։ 1920-ի թուրք-հայկական պատերազմի օրերին պաշտպանել է ռազմավարական հատուկ նշանակության Մարգարայի կամուրջը։ 1920-ի դեկտեմբերից գործել է Զանգեզուրում, 1921-ին ղեկավար մասնակցություն է ունեցել Փետրվարյան հակախորհրդային ապստամբությանը, Հայրենիքի փրկության կոմիտեի ստեղծմանը։ Նրա զորամասը գրավել է Քանաքեռն ու Երևանը, գրոհել բանտի վրա և ազատել մի շարք քաղաղաքական գործիչների։ 1921-ից՝ վտարանդի, ապրել է Թեհրանում։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am