Ուտիք: (նաև Ուտի, Ուտյաց աշխարհ), Մեծ Հայքի տասներկուերորդ նահանգը։ Տարածվել է Կուր գետի աջափնյա տափարակում և Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան լեռնային շրջաններում՝ զբաղեցնելով Աղստև գետից մինչև Կուրի և Երասխի ջրկիցն ընկած տարածքը։ Հյուսիսում և արևելքում Կուր գետով սահմանակցել է Աղվանքին, արևմուտքում՝ Դեբեդի և Աղստևի ջրբաժանով՝ Գուգարքին, հյուսիսարևմուտքում Մրղուզի և Սևանի լեռնաշղթաներով՝ Այրարատին և Սյունիքին, հարավարևմուտքում՝ Արցախին, հարավում Երասխ գետով՝ Փայտակարանին։
Հնագիտական պեղումները վկայում են, որ նախնադարյան համայնական հասարակության ժամանակաշրջանից Ուտիքի բնակչությունը ներառնվել է Հայկական լեռնաշխարհի ընդհանուր տնտեսական և մշակութային հարաբերությունների ոլորտը։
Մ.թ.ա. 13-րդ դարի 1–ին կեսին Սարդուրի Բ–ի ուրարտական զորքերը մուտք են գործում Ուտիք, իսկ նույն դարի 2–րդ կեսին Ռուսա Ա–ն նահանգը միացրել է Ուրարտական պետությանը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Ուրարտուի անկումից հետո Ուտիքը մտել է Երվանդունիների Հայկական թագավորության մեջ, դարձել արքայական ձմեռանոց։ Մ.թ.ա. 2-րդ դարում Ուտիքը Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության կազմում էր։ Մ.թ.ա. 1-ին դարում Տիգրան Բ Մեծը Թագավորաղբյուր կոչվող վայրում կառուցել է Տիգրանակերտ քաղաքը։ Վարչական մի շարք փոփոխությունների հետևանքով Ուտիքը 3-րդ դարում կազմված է եղել նախ 7, ապա 8 գավառից։ 301 թ.-ից քրիստոնեությունը տարածվել է նաև Ուտիքում։ Ուտիքում քրիստոնեության ամրապնդման գործում մեծ դեր է խաղացել Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ Մեծ Հայքի 387 թ.–ի բաժանումից հետո Ուտիքը մնացել է Խոսրով Գ–ի Արևելահայկական թագավորության կազմում։ 450-451 թթ.–ին Ուտիքի հայ բնակչությունը մասնակցել է Վարդան Մամիկոյանի գլխավորած հակապարսկական ապստամբությանը և Ավարայրի ճակատամարտին։ 5-րդ դարի վերջին Ուտիքը մտել է Արցախի հայ Առանշահիկների թագավորության մեջ։ 9-րդ դարի սկզբին Հյուսիսային Կովկասից Հայաստան մուտք գործած Սևորդյաց ցեղը հաստատվել է Ուտիքում, ընդունել քրիստոնեություն և հայացել։ 840–ական թթ. Ուտիքում հիմնադրվել է Գանձակ քաղաքը։ 9-րդ դարի վերջին Ուտիքի հյուսիսարևմտյան մասը մտել է Բագրատունիների Հայոց թագավորության մեջ։ 11-րդ դարի 2-րդ կեսին Ուտիքը գրավել են սելջուկ–թուրքերը։ 11-րդ դարի վերջին Զաքարյաններն ազատել են Ուտիքի արևմտյան շրջանները, որոնք դարձել են Վահրամյան ճյուղի տիրույթը։ 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին Ուտիքը ասպատակել են Լենկթեմուրի զորքերը։ 17-ից 18-րդ դարերում Ուտիքի հայ բնակչությունը հարթավայրային շրջաններից ստիպված է եղել հեռանալ նախալեռնային և լեռնային շրջանները, մասամբ կենտրոնացել Գանձակ քաղաքում։ Մինչև 19-րդ դ․ Ուտիքի տարածքում պահպանվել են հայկական մի քանի ինքնավար մելիքություններ․ 1․ Գետաշենի, ուր իշխել են Մելիք-Մնացականյանները, 2․ Խաչակապի, ուր իշխել են Մելիք-Մովսիսյանները, 3․ Ոսկանապատի, ուր իշխել են Մելիք-Շահնազարյանները և 4․ Բարսումի, ուր իշխել են Մելիք-Ռոստոմյանները: Մելիքներ են եղել նաև ումիջնադարյան Զակամ գավառի տարածքում (Մելիք-Սարգսյաններ, Քալանթարյաններ), որոնք 18-րդ դ․ վերջին տեղափոխվել և բնակություն են հաստատել պատմական Գուգարքի Շուլավեր (խորհրդային շրջանում՝ Շահումյան) ավանում:
19-րդ դարի 40-50–ական թթ. Ուտիքի տարածքը մտել է Թիֆլիսի, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ հիմնականում Ելիզավետպոլի և մասամբ Բաքվի նահանգի մեջ։ 1920-ից հետո Ուտիքի հյուսիսարևմտյան Տուչքատակ (Տավուշ) և Աղուէ գավառների արևմտյան հատվածներ մտել են ՀՀ կազմի մեջ, իսկ մեծագույն մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Վերջինս, շարունակելով հակահայկական, ցեղասպանական քաղաքականությունը, մինչև 1988 թ․ ամբողջովին հայաթափել է երկրամասի իր տիրապետության տակ հայտնված տարածքը: ԽՍՀՄ փլուզումից հետո տարածքային պատկերը գրեթե չի փոխվել։
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am