Թովմա Արծրունի (անհայտ - 10-րդ դար), IX-X դդ. հայ պատմիչ, գրել է «Պատմություն Արծրունյաց տան» երկասիրությունը։ Ներկայացնում է Հայաստանի և Վասպուրական նահանգի պատմությունը Արծրունիների նախարարական տան պատմության պրիսմակի տակ։ Երկը արժեքավոր աղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների պատմության համար։ Հեղինակը սկսում է վաղ ժամանակներից՝ հասցնելով շարադրանքը մինչև մ.թ. 9-րդ դարի վերջ։ Նրանից հետո երկը շարունակում են մի քանի անանուն հեղինակներ, որոնք հասցնում են շարադրանքը մինչև 1370-ական թվականները։

Թովմա Արծրունին ծանոթ է այլազան սկզբնաղբյուրների՝ թե գրավոր, թե բանավոր-ժողովրդական։ Նա հիշում է նաև օտար մատենագիրների՝ Արիստոնիկոս Քաղդեացուն, Եվսեբիոս Կեսարացուն, Հուլիանոս Հալիկառնասցուն, Փիլոն Ալեքսանդրացուն, Հովսեփոս Ֆլավիոսին, Հերոդոտոսին և ուրիշներին, օգտվել է Մովսես Խորենացուց, Ագաթանգեղոսից, Աբրահամ Խոստովանողից, Ղազար Փարպեցուց, Մամբրե Վերծանողից, Թեոդորոս Քերթողից, Կորյունից, Եղիշեից և ուրիշներից։

«Արծրունյաց տան պատմություն»-ը բաղկացած է չորս մասերից։ Առաջին դպրությունն սկսվում է հին ժամանակներից և հասցվում մինչև V-րդ դարի կեսերը։ Երկրորդ դպրությունը սկսվում է Վարդանանց պատերազմի նկարագրությամբ և հասցվում է մինչև 851-852 թթ. Արաբական խալիֆայության դեմ հայերի ապստամբության նկարագրությունը։ Թովմա Արծրունու երկասիրության կարևորագույն բաժինն է երրորդ դպրությունը, որը անգնահատելի նշանակություն ունի 9-րդ դարի երկրորդ կեսի Հայոց պատմության լուսաբանման համար։ Թովմա Արծրունու երկը հանկարծակի ընդհատվում է երրորդ մասի ԻԹ (29)-րդ գլխի վրա, որը մեզ է հասել անավարտ տեսքով։ Այն շարունակել է ոմն Անանուն պատմիչը, բայց Անանունի երկի վերնագիրը, սկիզբն ու վերջը նույնպես պակասում են։

Պատմության գրաբար բնագիրը լույս է տեսել 1852 թ. Կ.Պոլսում։ Թովմա Արծրունու երկը թարգմանվել է մի շարք լեզուների՝ ֆրանսերեն (1874), անգլերեն (1985), ռուսերեն (2001)։ Աշխարհաբար թարգմանությունը (թարգմանիչ՝ Վրեժ Վարդանյան) լույս է տեսել 1978 թ., վերահրատարակվել է՝ 1999 թ.։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am