Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Ազատագրական կռիվները Սյունիքում։Հայկական անկախ իշխանության ստեղծումը։

  Ազատագրական կռիվները Սյունիքում։ Հայկական անկախ իշխանության ստեղծումը։

 XVIII ղարի 20-ական թվականների սկզբներին ազատագրական շարժումներ են սկսվում նաև Սյունիքում։ Նախապես հարկ է նշել, որ Սյունիքի և Արցախի միջև կային մի շարք էական տարբերություններ, որոնք իրենց կնիքը թողեցին ազատագրական պատերազմների ամբողջ ընթացքի վրա։

 Ի տարբերություն Արցախի, որի բնակչությունը զուտ հայկական էր, Սյունիքում արդեն որոշ թիվ էին կազմում մահմեդականները, մասնավորապես թուրք և քուրդ քոչվորները, որոնք վաղ գարնանից մինչև խոր աշուն իրենց անասունների հոտերով Կուրի հարթավայրային շրջաններից բարձրանալով՛ հաստատվում էին տեղի ալպյան արոտավայրերում։ Ի տարբերություն Արցախի, որտեղ կազմավորվեց 40 հազարանոց հայկական կանոնավոր զորաբանակ, Սյունիքում այդպիսի ռազմական ուժ չկար։ Այստեղ մելիքների առանձին փոքրաթիվ ջոկատները ցաքուցրիվ էին, զինվորականությունը համախմբված չէր ընդհանուր հրամանատարության ներքո։ Եվ, վերջապես, ի տարբերություն Արցախի, որն ուներ պայքարը գլխավորող երկու առաջնորդ՝ Եսայի Հասան-Ջալալյանը ու Ավան Հարյուրապետը, Սյունիքում այդպիսի հեղինակավոր գործիչներ չկային, որ կարողանային շարժումը համախմբել և ժողովրդին տանել իրենց հետևից։ Այս ամենը նշանակում էր, որ ազատագրական շարժման համար Սյունիքում պայմաններն անբարենպաստ էին և այն սկսելու համար պետք է հաղթահարվեին ավելի շատ խոչընդոտներ։ Սյունիքի ազատագրական պայքարի գործիչները լավ էին ըմբռնում այդ դժվարությունները և հենց սկզբից համապատասխան միջոցներ էին փնտրում եղած խոչընդոտները հաղթահարելու համար։

 Աոաջին և կարևորագույն խնդիրը ազատագրական շարժման մյուս կենտրոնների հետ կապ հաստատելն էր, ինչպես օրինակ՝ Արցախի և Վրասաանի հետ։ Կապերի հաստատումն ինքնանպատակ չէր. անհրաժեշտ էր ազատագրական ճիգերը փոխհամաձայնեցնել և, եթե հնարավոր էր, դրսից ռազմական օգնություն ստանալ։ Ահա այս նպատակով է, որ 1722 թ. սկզրներին մեղրեցի Ստեփանոս Շահումյանը Սյունիքի մելիքների և տանուտերների հանձնարարությամբ մեկնում է Թիֆլիս՝ Վրաստանի թագավոր Վախթանգ VI հետ հանդիպելու։ Վախթանգի հանձնարարությամբ Ստեփանոս Շահումյանի հետ բանակցություններ է վարում թագաժառանգ Շահնավազը։ Այդ ժամանակ վրացական բանակում մեծ թվով հայ զինվորականներ կային։ Հայերն աչքի էին ընկնում իրենց խիզախությամբ ու հայտնի էին որպես կարգապահ զինվորականներ։ Նրանց մի մասը բնիկ վրաստանցիներ էին, քիչ չէին նաև Հայաստանի տարբեր շրջաններից Վրաստան տեղափոխվածները։ Եվ ահա, Շահնավազը Ստեփանոս Շահումյանին ներկայացնում է նրանցից մեկին՝ Դավիթ Բեկին, որը լավագույնս կարող էր համախմբել Սյունիքի ազատագրական ուժերն ու գլխավորել պայքարը պարսիկների դեմ։

 Դավիթ Բեկը Վախթանգ թագավորի մերձավոր զորականներից էր և նշանավոր էր վրացական բանակում իր հեղինակությամբ ու քաջագործություններով։ Ենթադրելի է, որ նա ծագումով սյունեցի էր և պատահական չէր հենց նրան Սյունիք ուղարկելը։ Վախթանգն այդքան պատասխանատու գործ կարող էր հանձնարարել միայն վստահելի ու գիտակ մարդու, ինչպիսին հանդիսանում էր Դավիթ Բեկը։

 Իր մերձավորագույն զինակիցներից ստեղծելով 30 հոգիանոց ջոկատ, որի մեջ էին Բայանդուրը, Գորգին, Ավթանդիլը, Հովհաննեսը և ուրիշներ, Դավիթ Բեկը 1722 թ. վերջերին ժամանեց Սյունիք։ Նա հաստատվեց Հաբանդ գավառի ամենամեծ ավանում՝ Շինուհայրում, և սկսեց վերակառուցել տեղի ավերված ամրոցը, որը դարձավ նրա առաջին զորակայանը։ Իմանալով Դավիթ Բեկի գալստյան մասին՝ Սյունիքի մելիքների ու տանուտերերի մեծ մասը եկավ Շինուհայը, ներկայացավ նրան և պատրաստակամություն հայտնեց աջակցելու ապագա ապստամբության կազմակերպմանը։ Առաջինն իրենց ջոկատներով եկան և ներկայացան Զավնդուրի Թորոս իշխանը, Գողթնի և Հին Ջուղայի տանուտերները, Պապ և Պալի Հարյուրապետները, Մխիթար սպարապետը և ուրիշներ։ Որոշ տատանումներից հետո նրան են միանում նաև Հալիձորի մելիք Փարսադանն ու Տեր-Ավետիսը։ Կարճ ժամանակամիջոցում նրա շուրջն են հավաքվում մոտ 2000 մարտիկներ, ստեղծվում է կանոնավոր ու կարգապահ բանակ։ Դավիթ Բեկն իր մոտ է հրավիրում նաև Սյունիքի հոգևոր առաջնորդ, Տաթևի վանքի վանահայր Հովակիմ եպիսկոպոսին, որը հավաստում է, թե հոգևոր դասն ամբողջությամբ պաշտպանում է ապստամբության գաղափարը և աջակից է լինելու շարժմանը։

 Ինչպես նշեցինք, Սյունիքի պայմանները բավականին բարդ էին, երկրամասի բնակչության մեջ զգալի տոկոս էին կազմում քոչվոր թուրք և քուրդ ցեղերը, որոնք կատարյալ պատուհաս էին հայ բնակչության համար և խանգարում էին ապստամբության կազմակերպմանը։ Ահա թե ինչու Դավիթ Բեկն իր առաջին գործողություններն սկսեց հենց այս ցեղերի դեմ։ Համառ և արյունալի կռիվներից հետո նա ջախջախեց կարաչոռլու և Քիվանշիր քոչվորական ցեղախմբերին։ Հատկապես տպավորիչ էր Ուշթափա սարահարթում ջիվանշիր 32 ցեղերի միացյալ ուժերի դեմ տարած հաղթանակը, երբ Դավիթ Բեկն ընդամենը 400 ընտիր ռազմիկներով պարտության մատնեց հակառակորդի մի քանի հազարանոց հրոսակախմբին, վերացվեց ապստամբական ուժերի միավորմանն ու համագործակցությանը մեծապես խանգարող ներքին խոչընդոտը։

 Այս առաջին հաղթանակը նպաստեց Դավիթ Բեկի հեղինակության բարձրացմանը, նրա փառքի տարածմանը։ Շատ հայ մելիքներ եկան Շինուհայր և մտան նրա դրոշի ներքո։ Կային նաև տատանվողներ, կրավորական դիրքորոշում որդեգրածներ և ուղղակի դավաճաններ։ Զորավարն անողոքաբար պատժում էր անջատողականներին, դավաճաններին և ուրացողներին։ Այսպես՝ մելիք Բաղիրը, որ որդիների հետ մահմեդականություն էր ընդունել, ամրանալով Տաթևում՝ փորձում էր թիկունքից հարվածել ապստամբներին։ Երկօրյա մարտերից հետո Դավիթ Բեկը գրավում է Տաթևը և մահվան դատապարտում ուրացող մելիքին, իսկ նրա գույքը բռնագրավելով՝ բաժանում բնակչությանն ու զինվորներին։ Նա մահվան է դատապարտում Երիցվանիկի (Արծվանիկ) մահմեդականացած մելիք Ֆրանգյուլին և էլի մի քանի ուրիշ դավաճանների։ Անպատիժ չէին մնում այն զինակիցները, որոնք զանցանքներ էին թույլ տալիս կամ չէին ենթարկվում կարգապահությանը։ Վախկոտություն և խուճապ տարածելու համար զորավարը հրամայում է մահապատժի ենթարկել իր մտերիմ Պապին, կարճատև կալանքի ենթարկում ազդեցիկ Տեր-Ավետիսին, անդամ՝ Մխիթար սպարապետին։ Նման քայլերից հետո Սյունիքում հաստատվում է ամուր կարգ ու կանոն։ Ստեղծվում է մարտունակ և օրինապահ բանակ։ Այնուհետև Դավիթ Բեկը լայնածավալ պայքար է սկսում ավելի կազմակերպված ու վտանգավոր ուժերի՝ պարսկական տեղական և հարևան խաների, տարբեր կարգի ավատատերերի ու բեկերի դեմ:

 Ազատագրական պատերազմի աոաջին մեծ հաղթանակը հայերը ձեռք բերեցին 1723 թ. Ջավնդուրի ճակատամարտում, երբ գիշերային հանդուգն հարձակումով ջախջախիչ պարտության մատնեցին Բարկուշատի և Ղարադաղի խաների 18 հազարանոց միացյալ բանակը։ Դավիթ Բեկը պատերազմեց նաև կապանի, Օրդուբադի և Նախիջևանի խաների դեմ։ Տպավորիչ էր հատկապես Մխիթար սպարապետի և Տեր Ավետիսի զորամասերի կողմից Զեյվա անառիկ ամրոցի գրավումը, որի ժամանակ հակաոակորդը կորցրեց 4 հազար զինվոր։ Մեկ տարի անց, 1724 թ. մարտի 29-ին, Դավիթ Բեկը պաշարում է ռազմական կարևոր նշանակություն ունեցող Որոտնա բերդը և չորսօրյա արյունալի մարտերից հետո գրավում այն։

 Ապստամբական ուժերի հաջողությունները պարսից (սաներին ստիպում են վերջ տալ ներքին երկպառակություններին և իրենց ուժերը միավորել Դավիթ Բեկի դեմ։ Նրանց է միանում նաև Արաքսի մյուս ափին գտնվող Ղարադաղի խանը։ Իր հերթին պարսից Թահմազ II շահը ապստամբների դեմ է ուղարկում կանոնավոր բանակի մի քանի զորամաս՝ հրահանգելով «միացյալ ուժերով հայերին վանել ու ոչնչացնել»։

 Սյունիքի համար այս օրհասական պահին՝ 1724 թ. մայիսին, Արցախից օգնական ուժեր են գալիս Իվան Կարապետի և Ավան Հարյուրապետի հրամանատարությամբ: Դա հայ ազատագրական ուժերի համագործակցության հիանալի օրինակ էր, որր բերելու էր փայլուն հաղթանակներ։ Անհրաժեշտ էր շարունակել ու խորացնել հայոց անկախության այս երկու պատվարների՝ Արցախի և Սյունիքի հետագա համագործակցությունը, որր կարող էր ավելի նշանակալից արդյունքների հանգել։

 Սյունիքի ազատագրական վերջին մարտերն րնդդեմ պարսիկների տեղի ունեցան 1725 թ. Գողթնում և Մեղրիում։ Ականատես պատմիչի վկայությամբ՝ պարսիկներն այստեղ տալով հազարավոր սպանվածներ՝ հեռանում են Արաքսի մյուս ափը։ Անշուշտ եղան նաև ցավալի պարտություններ և անհաջողություններ, ինչպես, օրինակ, Սիսիանի և Եղվարդի ճակատամարտերի ժամանակ, բայց դրանք չկարողացան կասեցնել հայկական իշխանության հետագա ամրապնդման գործընթացը։ Ազատագրական քառամյա պայքարի արդյունքում ամբողջ Սյունիքն ու մերձակա մի քանի շրջաններ ազատագրվեցին։

 Այս հաղթանակներից հետո ազատագրված Սյունիքում Դավիթ Բեկը ստեղծում է անկախ հայկական իշխանություն։ Բոլոր մելիքներն ու տանուտերները անվերապահորեն ենթարկվում են նրա իշխանությանը և կատարում իրենց պարտավորությունները։ Ժառանգական իշխանություն ունեցող մելիքական շատ տների ներկայացուցիչներ ներկայանում էին Դավիթ Բեկին, և նա հաստատում էր նրանց նախկին իրավունքները։ Ակնբախ է, որ Սյունիքի մելիքները նրան ճանաչում էին գերագահ և ընդունում նրա տիրապետությունր լեռնաշխարհում հաստատված անկախ իշխանության ողջ տարածքում։

 Զորապետի հրամանով ամրացվում են բերդերն ու ամրոցները, կառուցվում են նորերը, որոնցում հաստատվում են բերդապահ կայազորներ։ Այսպես, Շինուհայրն ուներ 550, Զավնդուրը՝ 2000, Կալերը՝ 700, Մեղրին՝ 400, Սիսիանը՝ 500, Տաթևը՝ 400 զինվոր ունեցող կայազորներ։ Իշխանությունում զինվորների ընդհանուր թիվը հասնում էր մոտ 7 հազարի։ Զորաբանակների հրամանատարներ էին նշանակվել ինչպես Դավիթ Բեկի հետ Վրաստանից ժամանած Ավթանդիլը, Գորգին, այնպես էլ բնիկ մելիքներն ու տանուտերները՝ Տեր-Ավետիսը, Թորոսը, Նոլբարը, Ադամը, Վարդանը և ուրիշներ։ Զորքերի հրամանատար (սպարապետ) է նշանակվում Մխիթարը։ Ստեղծվում է ռազմական խորհուրդ և շտաբ։ Զորամասերն ունեին իրենց մարտական դրոշները։ Փաստորեն, Արցախի օրինակով Դավիթ Բեկը Սյունիքում կազմակերպում է սղնախ՝ այն դարձնելով հզոր ու անառիկ ամրացված երկրամաս։ 1724 թ. հայկական նորաստեղծ իշխանության կենտրոնատեղին է դառնում Կապանի Հալիձոր բերդը, որտեղ կառուցվում են լրացուցիչ պաշտպանական բնագծեր ու նոր աշտարակներ, ամբարվում են մեծ թվով զենք, զինամթերք, պարեն։

 Այսպիսով, 1722-1725 թթ. ընթացքում, համառ ու արյունալի կռիվներից հետո, Դավիթ Բեկին հաջողվեց երկրամասը ազատագրել քոչվորներից, պարսկական վարչակազմից, հակահարված տալ խանական միացյալ ուժերին և Սյունիքում ստեղծել հայկական անկախ իշխանություն։ Պայմաններ ստեղծվեցին համագործակցելու հայկական մյուս անկախ իշխանության Արցախի հետ և միասնական ուժերով կերտել դարեր առաջ կործանված հայկական պետականությունը։ Անշուշտ, Դավիթ Բեկն ու իր զինակիցները վերջնական հաղթանակի հույսը կապում էին Ռուսաստանից սպասվելիք օգնության hետ, որով նրանց hուսադրում էր Իվան Կարապետը։ Բայց հետագա իրադարձությունները այլ ընթացք ստացան։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am