Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայ գեղարվեստական գրականությունը զարգացած ավատատիրության շրջանում

  Հայ գեղարվեստական գրականությունը զարգացած ավատատիրության շրջանում: X-XIV դդ. զարգացման աննախադեպ մակարդակի հասավ հայ գեղարվեստական գրականությունը: Ի հայտ եկան այնպիսի երևույթներ, որոնք յուրովի արձագանք էին երկրի հասարակական ու տնտեսական առաջընթացի, քաղաքային կյանքի պայմաններում անհատի ձգտումների ու առանձնահատուկ հոգեբանության, աստիճանաբար խորացող արտաեկեղեցական աշխարհիկ ոգու, որոնցով պայմանավորված էր գեղարվեստական գրականության մեջ նոր դրական ժանրերի, ժողովածուների, թարգմանական երկերի հանդես գալը:

 Սկիզբ առնելով նախորդ պատմաշրջանում՝ շարանակում են հարստանալ հոգևոր երգերի «Շարական» կոչված ժողովածուները:Գրիգոր Նարեկացի Գրիգոր Նարեկացու անվան հետ է կապված «Գանձարան» անունով հայտնի մեծածավալ ժողովածուների ծնունդը: Դրանց մեջ բացի բանաստեղծություններից (գանձերից) ընդգրկվում էին նաև հոգևոր տաղեր ու մեղեդիներ: Դրանք նոր երևույթ էին եկեղեցական պաշտոնական գրականության բնագավառում և թեմատիկ ընդգրկումով ու գեղարվեստականարժանիքներով գերազանցում էին «Շարական» ժողովածուներին: Ավելի մեծ ապագա էր սպասվում «Տաղարան» Ներսես Շնորհալիժողովածուներին, որոնք կապված լինելով գանձարաններին՝ այսուհանդերձ հակված էին արձագանքելու աշխարհիկ կյանքի երևույթներին, արծարծում էին բազմատեսակ թեմաներ:

 Զարգանում էր նաև ժողովրդական բանահյուսությունր, թեև նրա արժեքները գրառման չէին արժանանում: Այս պատմաշրջանի, ինչպես նաև մասամբ նախորդ ու հաջորդ դարերի ծնունդ էր «Սասնա ծռեր» ժողովրդական վեպը՝ կենտրոնական տեղ գրավող Սասունցի Դավթի դյուցազնական կերպարով: Ժողովրդական ստեղծագործություններից օգտվում էին նաև անվանի բանաստեղծներր: Ժողովրդական երգերի շունչը հատկապես նկատելի է Գրիգոր Վարդան Այգեկցի Նարեկացու շատ ստեղծագործություններում: Նա առաջինն էր, որ ստեղծեց բարձրորակ երգարվեստ՝ օգտագործելով ժողովրդական բանահյուսության հարուստ հնարավորությունները: Մեծ բանաստեղծի հանճարով բացված ճանապարհը դարձավ հայ քնարերգության զարգացման մայրուղի:

 Անիի գրական դպրոցի ականավոր ներկայացուցիչներից էին Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և Հովհաննես Սարկավագ Իմաստասերը: Առաջինը հայտնի է իր «Թղթերով»՝ նամակներով, որոնք գեղարվեստական արձակի արժեքավոր նմուշներ են՝ շարադրված գեղեցիկ, բայց հաճախ նաև բարդ ու խրթին լեզվով: Նոր հայացքների ու հոգեբանության կնիքն է կրում Հովհաննես Իմաստասերի դրամատիկական պոեմը, որտեղ մերժվում է վանական հին մտայնությունը և հիմնավորվում է բնության առաջնայնության գաղափարը:

 Կիլիկյան Հայաստանում գրական առաջրնթացի ականավոր դեմքը ՆերսեսՄխիթար Գոշի արձանը Մատենադարանի առջև Շնորհալին էր, ժամանակի Հայոց կաթողիկոսը (1166-1173): Նրա արձակ և չափածո գրական ժառանգության մեջ առանձնանում է հասարակության տարբեր խավերին ուղղված «Թուղթ ընդհանրական» կաթողիկոսական շրջաբերականր: Նրա գրչին են պատկանում նաև «Ողբ Եդեսիո» և այլ պոեմներ, հարյուրավոր հանելուկներ:

 Ֆրիկի աջձանը Մատենադարանի առջև (ճարտ.` Մ. Գրիգորյան, 1967 թ.)Պատմաշրջանի գրականության խոշոր նվաճումներից էր առակագրության ձևավորումն ու զարգացումը: Մխիթար Գոշը եղավ այս գրական տեսակի հիմնադիրը Հյուսիսարևելյան Հայաստանում, իսկ Վարդան Այգեկցին՝ Կիլիկյան Հայաստանում; Նրանք զարգացման մի նոր աստիճանի բարձրացրին առակագրությունր: Առակները հաճախ վերցվում էին ժողովրդից և մշակվելով՝ նոր որակ էին ձեռք բերում: Այս ժանրի նպատակն էր սուր քննադատության ենթարկել կյանքի արատավոր կողմերն ու երևույթները, միաժամանակ խրախուսել առողջի ու կատարյալի ծնունդն ու զարգացումը: Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակագրքերր մեծ տարածում ստացան և անգերազանցելի մնացին:

 Գրիգոր Տղան, Ֆրիկը, Հովհաննես Երզնկացին, Կոստանդին Երզնկացին, Հովհաննես Թլկուրանցին և նրանց ժամանակակից ուրիշ բանաստեղծներ նոր շունչ հաղորդեցին հայ քնարերգությանը, նպաստեցին ազգային մշակույթի առաջընթացին:


 


                                                                                                  Մարգարյան Հ.


 Տես նաև՝

Հայկական մշակույթը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ պատմագրությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ փիլիսոփայությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Իրավական ակտերը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ ճարտարապետությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ քանդակագործությունը և որմնանկարչությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ մանրանկարչությունը զարգացած ավատատիրության շրջանում:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am