Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Խորհրդային Հայաստանը 1920-1945 թթ.

 Խորհրդային Հայաստանը 1920-1945 թթ.

 ա. Պետական մարմինների ձևավորումը: 1920թ. դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը վայր դրեց իր լիազորությունները և իշխանությունը հանձնեց Հայաստանի հեղկոմին: Անցնելով իշխանության գլուխ` Հայաստանի հեղկոմը ձեռնամուխ եղավ խորհրդային պետականության կազմակերպման ու ամրապնդման գործին: Դա բավականին բարդ և դժվարին խնդիր էր. տնտեսական ծանր պայմաններին գումարվել էր Հայաստանի տարածքի մասնատումը: Ալեքսանդրապոլի գավառը դեռևս մնում էր թուրքերի ձեռքին, Լոռու մեծ մասը` այսպես կոչված «Չեզոք գոտի», գրավել էին վրացական զորքերը, Զանգեզուրը կտրված էր Խորհրդային Հայաստանից:

 Հեղկոմներն իշխանության նշանակովի, ժամանակավոր օրենսդիր և գործադիր մարմիններ էին, որոնք գործելու էին մինչև խորհուրդների ընտրությունները: 1920 թ. դեկտեմբերի 6-ին Երևան ժամանեց Հայաստանի հեղկոմը`  առաջին նախագահ Ս. Կասյանի գլխավորությամբ: Հեղկոմներ ստեղծվեցին ամբողջ երկրում:

 Հեղկոմն  ընդունեց  հրովարտակ դասային տարբերությունների, բոլոր տեսակի տիտղոսների ու կոչումների վերացման, նախկին դատարանների արձակման մասին: Տնտեսության տարբեր բնագավառների պետական կառավարումը ղեկավարելու համար 1920 թ. դեկտեմբերին կազմակերպվեց Ժողովրդական տնտեսության խորհուրդ (Ժողտնտխորհ), ստեղծվեցին ժողովրդական կոմիսարիատներ, նշանակվեցին ժողկոմներ` ներքին գործերի (Ի. Դովլաթյան), արտաքին գործերի (Ա. Բեկզադյան), հողագործության (Ս. Կասյան), լուսավորության (Ա. Հովհաննիսյան) և այլն: Մի շարք հրովարտակներով ազգայնացվեցին հողը, ընդերքը, ջրերը, անտառները, արդյունաբերական ձեռնարկությունները:

 Ընդունվեց հրովարտակ պետական լեզվի մասին, որով հանրապետության սահմաններում հայերենը ճանաչվեց պետական լեզու:

 Հայաստանի հեղկոմի առաջին դեկրետներից մեկը վերաբերում էր Արտակարգ հանձնաժողովի (Չեկա) ստեղծմանը, որը պետք է պայքարեր հակահեղափոխության դեմ, բայց շուտով այն դուրս եկավ իր նախնական իրավասությունների սահմաններից և ձեռնարկեց նաև անօրինական գործողություններ:

 Հետևելով Ռուսաստանում կենսագործվող տնտեսական քաղաքականությանը` Հայաստանի հեղկոմը երկրում մտցրեց այսպես կոչված «ռազմական կոմունիզմ», որի էությունը պարենմասնատրման կենսագործումն էր, այսինքն` գյուղացիությունից հացի և այլ մթերքների ավելցուկների անհատույց օտարումը: Հեղկոմի հրովարտակով զինված ջոկատները սկսեցին համատարած խուզարկումներն ու բռնագրավումները (հաճախ բռնագրավում էին ոչ միայն պարենի ավելցուկը, այլև ամբողջ պարենը): Ռազմական կոմունիզմի քաղաքականության միջոցով ենթադրվում էր վերացնել ապրանքադրամային հարաբերությունները, արգելել առևտուրը և պարզ ապրանքափոխանակության միջոցով իրականացնել կոմունիստական հավասարություն: Ռազմական դրության մեջ էին հայտարարված երկաթուղին, փոստ-հեռագրատունը, գլխավոր մայրուղիները, ավտոտրանսպորտը: Բոլոր քաղաքացիները պարտավոր էին աշխատել, որի դիմաց փողի փոխարեն բնամթերք էին ստանում:

 բ. Քաղաքացիական կռիվները Հայաստանում: Հանրապետության տնտեսության ծանր վիճակը, ներքին քաղաքականության մեջ կատարվող անօրինականություններըՍիմոն Վրացյան մեծապես սրեցին երկրի ներքաղաքական իրադրությունը:  1921 թ. փետրվարի կեսերին, ճգնաժամային ծանր պայմաններում, Հայաստանում Դաշնակցության ղեկավարությամբ ապստամբություն բռնկվեց խորհրդային իշխանության դեմ: Այն սկսվեց Գառնիի, Ապարանի, Դարալագյազի շրջաններում: Շարժվելով դեպի Երևան` ապստամբները փետրվարի 18-ին գրավեցին քաղաքը: Խորհրդային իշխանությունը հայտարարվեց տապալված, ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե» Ս. Վրացյանի նախագահությամբ:

 Կռիվները փոփոխակի հաջողություններով շարունակվեցին շուրջ մեկուկես ամիս: Հայաստան վերադարձած 11-րդ կարմիր բանակի զորամասերը գրավեցին Ապարանը, Կոտայքը և 1921 թ. ապրիլի 2-ին մտան Երևան: Հայաստանում նորից վերահաստատվեց խորհրդային իշխանությունը:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am